Անդրանիկ Հարությունյանի ու Մերի Հովհաննիսյանի դստեր Սեպտեմբերի 1-ն ու սպասումները (ֆոտո)

15:03   1 սեպտեմբերի, 2021

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանի եւ Մերի Հովհաննիսյանի դուստրը՝ Էլենը, այսօր տեղափոխվել է 4-րդ դասարան: Այս տարի դստերը դպրոց ուղեկցել է մայրիկը, իսկ Անդրանիկը, ի տարբերություն մյուս տարիների, այս անգամ չի կարողացել ուղեկցել Էլենին՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մերին պատմել է, թե ինչպես է Էլենը տրամադրվել դպրոց գնալուն, եւ թե ինչ ապրումներ է ունենում ինքը՝ դստերն ամեն տարի դպրոց ճանապարհելիս:

Անդոյի ու Մերիի դուստրը սովորում է Երեւանի թիվ 185 հիմնական դպրոցում, որն ավարտել է նաեւ Անդրանիկը:

«Էլենն անհամբեր սպասում էր սեպտեմբերի 1-ին, քանի որ այսօր տեղի ունեցավ նաեւ իրենց նոր դասարանի բացումը»,-պատմեց Մերին՝ հավելելով, որ աղջիկը դպրոցը կարոտել էր, սակայն, բարեբախտաբար, համադասարանցիների հետ հանդիպելու ու շփվելու առիթներ ունեցել են նաեւ դասերից դուրս.

«Նրա դասարանցիները մեր բակից են, ու երեխաները միմյանց հաճախ են հանդիպում, խաղում, ինչի շնորհիվ միմյանց կարոտելու առիթ չի լինում: Բացի այդ՝ օրերս Էլենի ծնունդն էր, ինչի առթիվ հավաքույթ էինք կազմակերպել ու հրավիրել նրա դասարանցիներին: Բայց նախորդ տարի, կորոնավիրուսով պայմանավորված, չէին հաճախում դպրոց, չէին հանդիպում միմյանց, ու կարոտը շատ մեծ էր»:

Մերին նշեց, որ դստեր մոտ ամեն տարի նկատում է փոփոխություններ.

«Այս տարի, օրինակ, շատ չարաճճի է դարձել»,-կատակեց նա՝ հավելելով, որ չնայած դրան՝ դպրոցում սովորում է գերազանց.

«Դպրոցական առարկաներից սիրում է մայրենին, անգլերենը եւ ռուսերենը: Լեզուներից շատ լավ է, տեսնենք՝ ապագայում ինչ մասնագիտական ընտրություն կկատարի»:

Մերին նաեւ խոստովանեց, որ Էլենից ավելի շատ հենց ինքն է հուզվում ամեն ուսումնական տարվա մեկնարկին:

«Առհասարակ, կարծում եմ, որ մայրիկներն ավելի շատ են հուզվում այդ օրը, դա երեւի գալիս է դրան նախորդող օրերի խառնաշփոթից ու զբաղվածությունից: Մանուկներին ուզում եմ մաղթել բարի երթ, որ լավ սովորեն, քանի որ մեր ապագան նրանց ձեռքերում է: Ամենակարեւորը՝ առողջություն եմ մաղթում»,-հավելեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE