Բանջարեղենային դիետան կօգնի կանանց հաղթահարել նախադաշտանային սինդրոմը

18:07   5 սեպտեմբերի, 2021

Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում կանաչ տերեւավոր բանջարեղենի օգտագործումը կանանց կօգնի 40%-ով կրճատել նախադաշտանային սինդրոմի զարգացման ռիսկը:

The Daily Mail-ի փոխանցմամբ, հետազոտությունը կատարվել է 10 տարի: Դրան մասնակցել է 3 հազար կին: Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ երկաթ պարունակող սնունդ օգտագործող կանայք մյուսներից քիչ են տառապում նախադաշտանային սինդրոմի նախանշաններից, ինչպիսիք են վատ տրամադրությունը, կաթնագեղձերի շրջանում հիվանդագին զգացողությունները, որոնք սովորաբար ի հայտ են գալիս դաշտանից 2 շաբաթ առաջ: Գիտնականները պարզել են, որ կանաչ տերեւավոր բանջարեղենում առկա երկաթը նպաստում է սերոտոնին հորմոնի արտադրմանը, որը կարգավորում է տրամադրությունը:

Տերեւավոր բանջարեղենի շարքում դասվում են՝ կաղամբը, կոլրաբին, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, մանգոլդ տերեւավոր ճակնդեղը, բազուկը, սպանախը, հազարը, կոտեմը, սամիթը, մաղադանոսը, ռեհանը, թրթնջուկը, թարխունը, կաթնուկը եւ այլն:

 



© NEWS.am STYLE