40 տարվա դադարից հետո «ABBA»-ն նոր սկավառակ կթողարկի

10:45   3 սեպտեմբերի, 2021

Շվեդական «ABBA» փոփ խումբը 40 տարվա դադարից հետո նոր սկավառակ կթողարկի։ Խումբն այդ մասին հայտարարել է Twitter-ում։

«Ոչ մի վերադարձ ամբողջական չէր լինի առանց նոր երաժշտության։ «Voyage» սկավառակը կթողարկվի տաս նոր երգերով»,- գրել են երաժիշտները։ Ընդ որում, նրանք նշել են, որ երկու երգ՝ «I Still Have Faith In You» եւ «Don’t Shut Me Down», արդեն իսկ ներկայացված է հանրությանը։ 40 տարվա ընդմիջումից հետո առաջին սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա Լոնդոնում՝ հատուկ կառուցված արենայում։

2020թ․-ին «ABBA» փոփ խմբի «Waterloo» երգը ճանաչվել է լավագույնը «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի պատմության ընթացքում։ Խումբն այդ երգով Բրայտոնում (Մեծ Բրիտանիա) 1974թ․-ին հաղթել է մրցույթը։ Կոմպոզիցիան գլխավորել է մի շարք երկրների չարթերը եւ դարձել է խմբի առաջին քայլը համաշխարհային հայտնիություն ձեռք բերելու ճանապարհին։ Արդյունքում ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան վեց միլիոն կրկնօրինակ։



© NEWS.am STYLE