«Լույս թունելի վերջում». «Ոսկե ծիրան» 18-րդ կինոփառատոնի նոր պաստառը, առաքելությունն ու ծրագրերը

16:23   3 սեպտեմբերի, 2021

Երեւանում հոկտեմբերի 3-ից 10-ը կկայանա «Ոսկե ծիրան» 18 –րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի կներկայանա նոր պաստառով, նոր խորհուրդով ու հայտնի հյուրերի ներկայությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ու կինոփառատոնի

միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը ներկայացրին 18-րդ «Ոսկ ծիրանի» նպատակները, ծրագրերն ու առաքելությունը:

«Որքան բարդ է արժեք ստեղծելն ու ձեւավորելը, շատ ավելի բարդ է այդ արժեքը պահելը, եւ ես ուրախ եմ, որ մենք ունենք «Ոսկե ծիրանի» թիմի հետ կապը»,-նշեց Արա Խզմալյանը,-«Հետապատերազմական իրավիճակում, երբ ասում ենք փառատոն, ասես՝ մի բան լրիվ չենք ասում: Այս իրավիճակում սա զուտ փառատոն չէ: Փառատոններն այսօր դարձել են հանրային ինքնահաստատման ակցիաներ: Մենք, ըստ էության, սրանով հաստատում ենք կյանքի շարունակությունը, մշակութային գործունեությունների շարունակականությունն ու մեր կամքը՝ հասատելու այդ ամենը: Սա միայն ներքին հոգեբանական վիճակի հաղթահարման ակցիա չէ: Մեկ ուրիշ խնդիր է այն, որ տեղեկատվական շատ միջոցների ինֆորմացիաների հետեւանքով մենք ընկալվում ենք, որպես պատերազմական երկիր, եւ հայտնի մարդկանց ներկայությունը մեր միջացառումներին օգնում է, որ թույլ չտանք, որ միջազգային տեղեկատվական դաշտում Հայաստանը դիրքավորվի եւ ներկայացվի, որպես վտանգավոր, պատերազմ տանող պետություն»,-ընդգծեց նա:

«Ոսկե ծիրան» փառատոնի այս տարվա պաստառի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ դիզաւյներ Վահրամ Մուրադյանն է, իսկ գաղափարը լույսն է՝ խավարի մեջ:

«Դիզայները որոշել է փոխանցել միջանցիկություն, իրողութուն, որում մենք գտնվում ենք՝ հետպատերազմյան, հետքաղաքական իրադարձություններ, որոնք թողել ենք մեջքի հետեւում ու գնում ենք առաջ: Այն ներկայացնում է լույսը թունելի վերջում, բայց մենք դեռ գտնվում ենք այդ ամենի մեջտողում: Լույսը նաեւ խորհրդանշում է էկրանը, լույսը խավարում եւ այլն»,-նշեց կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը՝ անդրադառնալով նաեւ փառատոն բառի՝ հաճախ թյուրըմբռնմանը.

«Փառատոն բառը միշտ ասոցացվում է տոնի հետ, մինչդեռ այն իր էությամբ առաջին հերթին ուղղված է գիտակցությանը, վերլուծությանը, տվյալ տարվա օրակարգը հանրությանը մատուցելուն եւ ըմբռնելի դարձնելուն՝ մեր դեպքում նաեւ հաղթահարելի դարձնելուն: Փորձում ենք մեր փոքրիկ լուման ունենալ այդ հաղթահարման մեջ»:

Նա նաեւ ընդգծեց, որ աշխարհում տիրող իրադարձություններերով, մասնավորապես կորանավիրուսով պայմանավորված, այս տարի եռակի բարդ է եղել հայտնի հյուրերի հրավիրման հարցը, սակայն այդ խնդիրը եւս կարողացել են հաղթահարել: Այսպիսով, կինոփառատոնի հատուկ հյուրերից է իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (Հոմանիշներ, 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր (Ահեդի ծունկը, 2021) Նադավ Լապիդը: Հենց նրա ֆիլմով է տրվելու 18-րդ կինոտոնի մեկնարկը: Փառատոնի պատվավոր հյուրն է ամերիկացի նշանավոր սցենարիստ եւ ռեժիսոր Փոլ Շրեդերը: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը»  ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» եւ 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն ու 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր է: Փառատոնի հյուրերից է հունգարացի թատրոնի եւ կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի եւ տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Մասնավորապես, Կաննից կցուցադրվեն Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Գասպար Նոյեի «Վորտեքս» ֆիլմերը:

Բեռլինի միջազգային կինոփառատոնից կներկայացվեն Վիկտոր Կոսակովսկու «Գունդա», Մարիա Սփեթի «Պարոն Բախմանի դասարանը», Դընի Կոտեի «Սոցիալական հիգիենա» կինոնկարները: Կցուցադրվեն նաեւ այլ ֆիլմեր:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE