«Իմ առաջնային երազանքն ամուր ընտանիք կազմելն է». Դայանա Դավթյանը՝ 23-ամյակի անակնկալների մասին (ֆոտո)

14:03   8 սեպտեմբերի, 2021

Մոդել, «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը երեկ՝ սեպտեմբերի 7-ին, նշել է ծննդյան 23-ամյակը: Գեղեցկուհին օրվա կադրերից տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել ծննդյան անակնկալների ու ամենամեծ երազանքի մասին:

Դայանան ծննդյան սկիզբը դիմավորել է ընկերուհիների շրջապատում, սակայն չի պատկերացրել, որ նրանք անակնկալ էին պատրաստել իր համար.

«Տարեդարձս սկսվել է գիշերը 12-ից: Ընկերուհիներով նստած էինք ռեստորանում, ու չգիտեի, որ նրանք ինձ համար անակնկալ էին պատրաստել: Սակայն առաջինն ինձ զանգահարել ու շնորհավորել է հայրիկս (23:58-ին), երկրորդը՝ մայրիկս: Այն պահին երբ հայրիկիս հետ էի զրուցում, ընկերուհիներիս անակնկալը սկսվեց՝ տորթ, շնորհավորանքներ, երաժշտություն...»,-ոգեւորությամբ վերհիշեց նա՝ բացահայտելով նաեւ, թե ինչ նվերներ է ստացել.

«Օրվա անակնկալները շատ տարբեր էին՝ զարդեր, ծաղիկներ, պայուսակ, զգեստ ու այլ բաներ: Օրս, առհասարակ, շատ բովանդակալից է անցել: Երեկոս անցկացրել եմ հարազատ մարդու հետ, ցերեկը՝ մտերիմներիս, ընկերուհիներիս հարազատ միջավայրում»:

Դայանայի խոսքով, սակայն, իր կյանքի ամենատպավորիչ տարերդարձը եղել է 18-ամյակին՝ հայրիկի անակնկալի շնորհիվ.

«Այդ շրջանում հայրիկս Մոսկվայում էր: Ես իմ օրը նշում էի հարազատներիս շրջապատում, ու շատ անսպասելի հայրիկս հայտնվեց այդ վայրում: Ինձ մոտ շատ էր տպավորվել այդ օրը, որովհետեւ կարծում էի՝ նա Մոսկվայում է, ու չէի պատկերացնում, որ կգա իմ տարեդարձին»:

Մոդելը խոստովանեց, որ, չնայած երիտասարդ տարիքին, շուտ մեծանալու վախեր ունենում է.

«Անկեղծ ասած՝ 17 տարեկանից հետո են առաջացել մեծանալու հետ կապված վախերը, որովհետեւ ես ինձ դեռ փոքր էի զգում: Այդ տարիքում են եղել իմ կյանքում ամենավառ փոփոխությունները. չհասկացա՝ ինչպես դարձա 23: Երեկ էլ սկսել էի մտածել այն մասին, որ 7 տարուց լինելու եմ 30 տարեկան, ու շոկ եմ ապրել այդ մտքից, որովհետեւ ես սովոր եմ, որ բոլորից ամենափոքրն եմ (ծիծաղում է)»:

Դայանան իրեն երջանիկ է համարում, որ 23 տարեկանում արդեն հասցրել է իրագործել իր երազանքներից շատերը.

«Իմ մեծագույն ձեռքբերումն այն է, ինչին ես հասել եմ՝ մասնագիտությունս, որի մասին ես երազել եմ, աշխատանքս, որով զբաղվում եմ: Ինձ համար մեծ ձեռքբերում էր «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթում հաղթելը, որովհետեւ երբեք չեմ թաքցրել, որ դա իմ երազանքն է եղել»:

Երեկ պահած երազանքի մասին Դայանան, սակայն, չցանկացավ բարձրաձայնել, փոխարենը հավելեց,-«Երազանքս չեմ ուզում բարձրաձայնել, որպեսզի այն կատարվի: Սակայն իմ առաջնային երազանքն ամուր ընտանիք կազմելն է»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE