Բրիթնի Սփիրսի հայրը ստորագրել է երգչուհու նկատմամբ խնամակալության դադարեցման փաստաթղթերը

16:14   8 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմին, դստեր նկատմամբ խնամակալության դադարեցման վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Լոս Անջելեսի դատարան, հայտնում է CNN-ը։

Աստղի հոր միջնորդության մեջ, որը ներկայացվել է Լոս Անջելեսի Բարձրագույն դատարան, նշվում է, որ նրա դուստրը «իրավունք ունի, որ դատարանը լրջորեն վերանայի խնամակալության պահպանման անհրաժեշտության հարցը», քանի որ «հանգամանքներն այն աստիճանի են փոխվել, որ խնամակալության պահպանման հիմքեր կարող են այլեւս չլինել»։ Փաստաթղթում նաեւ նշվում է, որ 39-ամյա երգչուհին ստիպված չի լինի հոգեբանական փորձաքննություն անցնել իր նկատմամբ խնամակալության դադարեցման նպատակով։

Որպեսզի Բրիթնի Սփիրսի հոր միջնորդությունն ուժի մեջ մտնի, այն պետք է քննի դատարանը։ Այդ գործով հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 29-ին։

Այս տարվա օգոստոսին հայտնի է դարձել, որ Ջեյմի Սփիրսը համաձայնել է հրաժարվել դստեր նկատմամբ խնամակալությունից։ Նա հայտարարել էր, որ պատրաստ է աշխատել դատարանի եւ Բրիթնի Սփիրսի նոր փաստաբանի հետ՝ իրավունքները նոր խնամակալին փոխանցելու համար։



© NEWS.am STYLE