Ինչպես նարդոսով ձեռքի դիմակ պատրաստել

19:14   11 սեպտեմբերի, 2021

Ինչպե՞ս գարնանը խնամել ձեռքի մաշկը: Որպեսզի ձեռքի մաշկը նուրբ ու թավշյա լինի, խորհուրդ ենք տալիս տնային դիմակներ օգտագործել, որոնց բաղադրության մեջ մտնում են սնուցող յուղեր, ինչպես նաեւ բնական վիտամինացված բաղադրիչներ:

Անվիճելի է, որ ձեռքի մաշկն առաջին հերթին խոսում է կնոջ՝ խնամված լինելու մասին, ինչպես նաեւ կարող է մատնել նրա տարիքը, այդ պատճառով ձեռքերը մշտապես խնամքի կարիք ունեն: Այս պնդումն արդիական է հատկապես գարնանը, երբ մաշկը եւ, առհասարակ, մեր ամբողջ օրգանիզմը վիտամինների պակաս են զգում:

Որպես խնամքի եւ գեղեցկությունը պահպանող միջոց կարելի է օգտագործել տնային միջոցները, մասնավորապես, ձեռքի մաշկի գեղեցկության եւ առողջության վրա կարող են լավ ազդեցություն ունենալ նարդոսով կամ նարդոսի յուղով պատրաստված դիմակները: Այդպիսի միջոցները սնուցում են մաշկը, չեզոքացնում են ավելորդ չորությունն ու մաշկին հաճելի թավշություն են պարգեւում:

Սնուցող դիմակ

Այսպիսի դիմակը սնուցող արդյունք ունի, հիանալի փափկեցնում է ձեռքի մաշկը եւ դրան առողջ տեսք հաղորդում: Պատրաստման համար անհրաժեշտ է 4 ճ/գ դեղձի յուղը լավ հարել, ավելացնել 2 ճ/գ մանրացրած մելիս եւ 5 ճ/գ նարդոսի յուղ: Այս ամենը լավ խառնել, քսել մաքուր եւ մի քիչ խոնավ ձեռքերին, թողնել 30 րոպե, հետո լվանալ:

Չորության դեմ դիմակ

Այս միջոցը շատ հարմար է շատ չոր մաշկ ունեցողներին: Դիմակն այսպես է պատրաստվում. 4 թ/գ մաքուր մեղրը խառնել 15 գրամ մանրացրած չոր նարդոսի եւ 4 թ/գ նարդոսի յուղի հետ: Խառնուրդը պետք է փոքր-ինչ տաքացնել գոլորշու վրա, քսել մաքուր մաշկին եւ 20 րոպե անց լվանալ տաք ջրով:

Բուժիչ դիմակ

Դիմակը կօգնի պայքարել գրգռված եւ խնդիրներ ունեցող մաշկի դեմ: Այն պատրաստելու համար անհրաժշտ է խառնել 1 թ/գ նարդոսի յուղը, 1 ճ/գ լորենու մեղրը: Խառնուրդը մի փոքր տաքացնել թույլ կրակի վրա եւ ավելացնել 2 ճ/գ կաթ եւ 1 ճ/գ չոր, մանրացրած երիցուկ: Դիմակը տաք վիճակում քսել ձեռքերին, փաթաթել պոլիէթիլենային տոպրակով եւ պահել 20 րոպեից ոչ պակաս: Լվանալ եւ սնուցող կրեմ քսել:

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE