Երեւանում անցկացվում է «Իմ Ձեռագործ Հայաստան» արհեստագործական փառատոնը (ֆոտո)

18:02   11 սեպտեմբերի, 2021

Այս օրերին Երեւանում անցկացվում է «Իմ Ձեռագործ Հայաստան» փառատոնը, որն իրականացվում է Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում: Փառատոնի մեկնարկը տրվել է այսօր՝ սեպտեմբերի 11-ին եւ տեւելու է մինչեւ վաղը՝ 18:00-ն:  Արհեստագործների երկօրյա ցուցահանդեսը տեղի է ունենում Գաֆէսճեան քանդակների պարտեզում, որտեղ այցելուներին հնարավորություն է տրվում իրենց ուժերը փորձելու այնպիսի արհեստներում, ինչպիսիք են փայտի փորագրությունը, ասեղնագործությունը, շյուղագործությունը, կավագործությունը, կարպետագործությունը եւ այլն: Փառատոնի շրջանակում ավելի քան 40 արհեստագործ ցուցադրում են իրենց հմտությունները: Ցուցադրվում են «Իմ Հայաստան»-ի ու «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի համագործակցության արդյունքները եւ Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի տեղացի արհեստագործների աշխատանքները:

Փառատոնի պաշտոնական բացման արարողությունն իր ներկայությամբ այսօր պատվեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Շատ ուրախ եմ այսօր գտնվել այատեղ՝ «Իմ Հայաստան» փառատոնի բացմանը: Վերջին վեց տարիների ընթացքում ԱՄՆ կառավարությունն աջակցել է զբոսաշրջության սեկտորի զարգացմանը Հայաստանի ժողովրդի, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Սմիթսոնյան Ինստիտուտի համագործակցության շրջանակում իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի միջոցով: Ես այցելել եմ Հայաստանի բազում ուղեվայրեր՝ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու համար, եւ ես ուրախ եմ այսօր այստեղ գտնվել այն արհեստագործների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի յուրահատուկ փորձառությունների լայն շարքը»,-իր խոսքում նշեց նա:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Նա ընդգծեց, որ Հայաստանում արհեստը զբոսաշրջիկի փորձառության անբաժան մասն է.

«Այս փորձառությունները եւ արհեստագործների ու զբոսաշրջիկների միջեւ ստեղծված հարաբերությունները պետք է դիտարկել որպես զբոսաշրջային առաջարկի բազմազանեցման հնարավորություն, ինչպես նաեւ՝ ավելի լայն տնտեսական զարգացման խթան»,-հավելեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE