Hear Me. ուկրաինական «X Factor» եւ Ռուսաստանի «Ձայնը» նախագծերից հայտնի Ամալիյա Մարգարյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

11:05   12 սեպտեմբերի, 2021

Ուկրաինական «X Factor», Ռուսաստանի «Ձայնը» եւ «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Ամալիյա Մարգարյանը ներկայացրել է իր նոր՝ Hear Me (Լսեք ինձ) երգը եւ տեսահոլովակը:

Hear Me երգի հեղինակներն Ամալիյա Մարգարյանն ու Վահրամ Յանիկյանն են, տեսահոլովակի ռեժիսորը` Հրանտ Մովսիսյանը: Երգը մարդկանց մեջ մարդկության պակասի, հոգու սովի, առանց արժեքների մարդու մասին է: Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջան քաղաքում` 2020թ-ի ամռանը, սակայն ամբողջությամբ աշնանային տրամադրության մեջ է:

Երգի պրեմիերան նախատեսվում էր ավելի վաղ, սակայն հետաձգվել է` համավարակով ու պարտերազմով պայմանավորված: Երգը գրվել է անգլերենով, քանի որ երգչուհին հիմնականում հենց այդ լեզվով  է ստեղծագորոծում:

Hear Me երգն արդեն հասանելի է YouTube-ում, ինչպես նաեւ` թվային բոլոր հարթակներում ՝ iTunes, Spotify եւ այլն:

Այս տարվա վերջին Ամալիյան նախատեսում է թողարկել իր առաջին ալբոմը, որտեղ տեղ կգտնեն ինչպես հայտնի, այնպես էլ` նոր երգեր: Այս պահին երգչուհին չի ծրագրում մասնակցել որեւէ մրցույթային նախագծի, քանի որ կենտրոնացած է իր հեղինակային երգերի վրա:

Մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ հայտնի ռեժիսոր Հրանտ Մովսիսյան «Բարի Գալուստ հավերժություն» ֆիլմի պրեմիերան, որի սաունդթրեքի հեղինակը նույնպես Ամալիյա Մարգարյանն է: Երգը կոչվում է ՝ In heaven, it’ better (թարգմ.՝ դրախտում , երկնքում ավելի լավ է): Երգը հասանելի է երգչուհու YouTube-յան ալիքում:

Hear Me-ն Ամալիայի թվով երկրորդ տեսահոլովակն է: 2019 թ-ի հոկտեմբերին երգչուհին ներկայացրել էր իր առաջին տեսահոլովակը՝ Another Chapter երգի հիման վրա: Երգի հեղինակներն են Ամալիյա Մարգարյանը եւ Վահրամ Յանիկյանը: Տեսահոլովակի ռեժիսորը կրկին Հրանտ Մովսիսյանն էր: Երգը բազմաթիվ դրական արձագանքների էր արժանացել:



© NEWS.am STYLE