Հայտնի են Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիրները

20:06   12 սեպտեմբերի, 2021

Վենետիկի 78-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստացել է ֆրանսիացի ռեժիսոր Օդրի Դիվանի «Իրադարձություն» (L'Evenement) ֆիլմը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

«Ոսկե առյուծի» արժանացած կինոնկարի գործողությունը Ֆրանսիայում ծավալվում է 1963թ.-ին: Իր հղիության մասին իմացած ուսանողուհի Աննան վախենում է կորցնել ուսումը ավարտելու եւ կյանքում հաջողության հասնելու հնարավորությունը։ Նա փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից այն պայմաններում, երբ աբորտներն օրենսդրորեն արգելված են։

«Արծաթե առյուծը» լավագույն ռեժիսուրայի համար ժյուրին նորզելանդուհի Ջեյն Քեմփիոնին շնորհել է «Շան իշխանությունը» ֆիլմի համար, իսկ փառատոնի գրան պրիին արժանացել է իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն՝ «Աստծո ձեռքը» ֆիլմի համար:

Ընդ որում, լավագույն դերասանուհի է ճանաչվել Պենելոպա Քրուզը՝ ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» կինոնկարում ունեցած դերի համար:

 

Լուսանկարը՝ Global Look Press



© NEWS.am STYLE