Սքարլեթ Յոհանսոնի հետ սկանդալից հետո. «Disney»-ը պրեմիերաները կցուցադրի միայն կինոթատրոններում

17:16   13 սեպտեմբերի, 2021

«Walt Disney» ընկերության 2021թ․-ի ֆիլմերը նախքան սթրիմինգային հարթակներում հայտնվելը կինոթատրոնների էկրաններ կբարձրանան, հայտնում է Reuters-ը։

Կախարդական տան մասին «Էնկանտո» մյուզիքլը կցուցադրվի կիոնթատրաններում, ինչից հետո կտեղափոխվի «Disney+» սթրիմինգային հարթակ։ Disney-ի մյուս բոլոր պրեմիերաները, այդ թվում Marvel-ի «Հավերժները» ֆիլմը նվազագույնը 45 օր կցուցադրվեն բացառապես կինոթատրոններում։

Հայտնի չէ, թե ինչն է ազդել ընկերության որոշման վրա՝ «Շան Չին և 10 մատանիների լեգենդը» ֆիլմի թողարկումը, որն առաջին հանգստյան օրերի ընթացքում գրեթե 100 միլիոն դոլար է հավաքել կամ Սքարլեթ Յոհանսոնի հետ կապված սկանդալը, որը Disney-ի դեմ դատական հայց է ներկայացրել։ «Սեւ այրու» դերասանուհին դատարան է դիմել այն պատճառով, որ ընկերությունը որոշել է ֆիլմը տեղադրել իր սթրիմիմգային հարթակում կինոթատրոնում վարձույթի ընթացքում․ Սքարլեթի խոսքով՝ ինքը 50 միլիոն դոլար է կորցրել։

Ի դեպ, այդ ժամանակ «Disney» ընկերությունը դերասանուհուն մեղադրել է ստելու համար եւ նշել, որ նա հակառակը, 20 միլիոն փոխհատուցում է ստացել, իսկ դերասանուհու հայցը, նրանց կարծիքով, անտեղին է աշխարհում ստեղծված համաճարակաբանական իրավիճակի պատճառով։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարը՝ Disney/Marvel

 



© NEWS.am STYLE