Բիլի Այլիշն Oscar de la Renta-ին ստիպել է հրաժարվել մորթուց՝ Met Gala-ին մասնակցելով ապրանքանիշի զգեստով

20:11   15 սեպտեմբերի, 2021

Երգչուհի, կենդանիների իրավունքների պաշտպան Բիլի Այլիշը Oscar de la Renta ապրանքանիշին ստիպել է հրաժարվել մորթուց։ Այլիշը Met Gala-ի պարահանդեսին մասնակցել է ապրանքանիշի զգեստով այն պայմանով, որ այն կդադարի իր հավաքածուներում մորթի օգտագործել։

Պայմանը, որով Այլիշը համաձայնել է Նյու Յորքում սեպտեմբերի 13-ին կարմիր գորգին հայտնվել ապրանքանիշի հագուստով, Oscar de la Renta-ն սկսել է կատարել դեռ մեկ ամիս առաջ պաշտոնական հայտարարությունից հետո։

Ապրանքանիշի գլխավոր տնօրեն Ալեքս Բոլենը նշել է, որ նախ դեմ է եղել մորթուց հրաժարվելուն, սակայն ավելի ուշ գիտակցել է «իրեն տարբեր տեսակետ ունեցող մարդկանցով շրջապատելու» անհրաժեշտությունը, իսկ Այլիշի պայմանը իրեն վերջնական որոշման է դրդել։ Oscar de la Renta-ն արդեն բնական մորթուց հագուստ չի ցուցադրում պոդիումում, իսկ վաճառքից դրանք կհանվեն 2021թ․-ի հոկտեմբերին։

«Ես շատ ուրախ եմ, որ Oscar de la Renta-ի ամբողջ թիմը լսել է ինձ եւ փոփոխություններ մտցրել, որոնք դրական են ազդում կենդանիների եւ շրջակա միջավայրի վրա։ Ինձ համար մեծ պատիվ է դառնալ այդ գործընթացն արագացնողը։ Բոլոր դիզայներներին կոչ եմ անում նույնն անել»,- Ինստագրամում գրել է Այլիշը։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE