Եգոր Կրիդը հրաժեշտ է տվել. արտիստը ջնջում է 5 միլիոն հետեւորդ ունեցող YouTube-յան ալիքը

11:05   17 սեպտեմբերի, 2021

Երգիչ Եգոր Կրիդը հրաժեշտ է տվել երկրպագուներին եւ հայտարարել իր YouTube-յան ալիքը ջնջելու մասին։ Նա հայտարարել է, որ պատճառ է դարձել դիտումների քանակի նվազումը։

Երգիչը նշել է, որ երկրպագուների հետ տասը հիանալի տարիներ է անցկացրել։ Արտիստը նրանց շնորհակալություն է հայտնել ուշադրության համար եւ ընդգծել, որ պետք է հրաժեշտ տա։  

«Ես ուզում եմ հրաժեշտ տալ ձեզ, սակայն նախքան դա ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միասին անցկացրած տասը հիանալի տարիների, ձեր դիտումների, ձեր ակտիվության, ձեր աջակցության համար։ Չէ որ դուք ինձ հետ եք եղել հենց մեկնարկից։  «Любовь в сети» տեսահոլովակիս շնորհիվ, որը բեռնված է այս ալիքում, իմ կարիերայում ամեն ինչ ստացվեց։ Ես որոշում եմ կայացրել։ Ես կջնջեմ իմ ալիքը»,- ասել է երաժիշտը։

Ընդ որում, վերջին կադրում հայտնվել է հայտնի սթրիմեր Սլավա Բուսթերը եւ ռեփերին գրազ է առաջարկել, ըստ որի՝ արտիստը պետք է իր ալիքում մեկ շաբաթվա ընթացքում 1 միլիոն հետեւորդ հավաքի։ Երաժիշտն ընդունել է գրազը։

 



© NEWS.am STYLE