«Այնպես չէ, որ միշտ սատարողներ են եղել իմ կողքին». Ադրիանա Գալստյանը` «Միսս Տիեզերք»-ին մասնակցելու իր երազանքի ու հանրային կարծրատիպերը կոտրելու մասին

12:31   17 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի, ֆոտոմոդել Ադրիանա Գալստյանը «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի այս տարվա ֆինալիստներից է: Նրա մասնակցությունը հաճելի անակնկալ էր իր հետեւորդների համար, իսկ իր համար` երազանքի իրականացում:

Ադրիանան մրցույթի մասին իմացել է «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի ինստագրամյան տեսաուղերձից:  Իր երազանքների հետեւից մշտապես գնացող դերասանուհին մտածել է` «Միսս Տիեզերք»-ին մասնակցելու համար տրված այս հնարավորությունը չպետք է բաց թողնի:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ադրիանան պատմել է շատերի համար անսպասելի այս որոշման, նախկինում ունեցած մտավախությունների եւ ժամանակին իր իսկ գծած կարծրատիպերը կոտրելու մասին:

«Այստեղ ես եկել եմ իմ երազանքի հետեւից, իհարկե, մասնակցությունս ունի նաեւ այլ նպատակներ` ես միայն ինձ չեմ ներկայացնելու այդ մրցույթում, ես ներկայացնելու եմ հայի հավաքական կերպարը, ես ներկայացնելու եմ իմ երկիրը: Ե´վ մեծ պատասխանատվություն է, ե´ւ մեծ ուրախություն այն, որ քո խոսքը կարող է կշիռ ունենալ աշխարհի մակարդակով»:

Գեղեցկության մրցույթին մասնակցելը Ադրիանայի ամենավաղ երազանքներից էր, սակայն նախկինում համարձակություն չի ունեցել` կարծելով, թե հասակը չի համապատասխանում:

«Կարծում էի, որ եթե բարձրահասակ չես, չես կարող մասնակցել նման մրցույթի: Ես ինձ շատ ցածրահասակ չեմ համարում, բայց մտածում էի` ավելի բարձր չափանիշների պետք է համապատասխան լինել»,-ասում է դերասանուհին, որը թեեւ ֆոտոմոդելինգով զբաղվում է վաղուց, բայց պոդիումով քայլելու փորձն իր համար նոր է.

«Դեֆիլեի դասերն ինձ համար շատ կարեւոր էին: Դա ինձ համար նախկինում փակված թեմա էր, վերը նշված կարծրատիպերի պատճառով, դրա համար կենտրոնացել եմ ֆոտոմոդելինգի վրա, բայց այսօր ունեմ հնարավորություն ինձ ցույց տալու քայլելով, ու դա արդեն մեծ նվաճում է ինձ համար»:

Հաղթելու դեպքում Ադրիանան հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնել «Միսս Տիեզերք» մրցույթում, որտեղ պետք է ունենա հստակ ասելիք.

«Իրականում շատ բաների մասին կարող եմ խոսել, բայց հասկանալով նաեւ իմ մասնակցության դրդապատճառը` իմ կարգախոսն է` չթողնես, որ ծաղրը, բացասականը կանգնեցնեն քեզ գնալ քո երազանքների հետեւից, եւ թող քո այս օրը, քո վաղվան պատմի քո հաղթանակների մասին: Այնպես չէ, որ միշտ սատարողներ են եղել իմ կողքին, ու եթե ես հարմարվեի այն կարծիքին, որն ունի հասարակությունը, միգուցե, այսօր այստեղ չլինեի, բայց ես միշտ տեղ եմ տալիս առաջ գնալու գաղափարին: Կյանքը յուրաքանչյուրի համար ունի կարեւոր պահ, որից պետք է կառչել ու գնալ առաջ»,-ասում է նա` չժխտելով, որ արդեն իսկ հայտնի լինելու պատճառով էլ է մտավախություն ունեցել, որ հանրությունը, միգուցե, չհասկանա մրցույթին իր մասնակցությունը.

«Սկզբում ունեի մտավախություն, որ, միգուցե, ասեին` իսկ ի՞նչ կապ ունի դերասանուհին գեղեցկության մրցույթի հետ, բայց ինքս դերասանուհու մեջ պատկերացնում եմ մի շարք որակների միավորում` գեղեցկություն, խոսք, կուլտուրա: Ես դերասանուհի եմ, մասնագիտությամբ` նաեւ թարգմանչուհի, բայց այս մրցույթն ինձ համար երազանք էր: Կյանքն ընդամենը մեկ անգամ է մեզ տրված, թող մյուսների կարծիքը չսահմանափակի մեզ, որ գնանք մեր երազանքների ու նպատակների հետեւից: Արդեն սպասումներիս կես ճանապարհին եմ, որովհետեւ մարդիկ շատ դրական արձագանքեցին իմ մասնակցությանը: Եթե այդպես չոգշնչեին, միգուցե, ես այսքան համարձակ չլինեի»:

Մրցույթից դերասանուհին ակնկալում է դրական էմոցիաներ ու լավ հուշեր: Ինչ վերաբերում է հաղթանակին` «Եթե ունես ցանկություն ու ձգտում, անհնարին ոչինչ չկա»,-ասում է նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Ադրիանա Գալստյանի Instagram-ից եւ Արսեն Սարգսյանի/NEWS.am STYLE



© NEWS.am STYLE