Թողարկվել է Կարլ Լագերֆելդի նոր կենսագրությունը, որում ներկայացված են նրա մտերիմների պատմությունները

17:14   17 սեպտեմբերի, 2021

Ֆրանսիացի լրագրող Մարի Օտավին՝ փարիզյան «Libération» թերթի խմբագիրը, «Կարլ» վերնագրով թողարկել է Կարլ Լագերֆելդի կենսագրությունը։ Նա անձամբ ճանաչել է լեգենդար դիզայներին։ Գիրքը հիմնված է Մոնակոյի Կարոլինա արքայադստեր, Բերնար Արնոյի, Ալեսանդրո Միկելեի, Թոմ Ֆորդի, Պակո Ռաբանի, Կարին Ռոյտֆելդի եւ Բրունո Պավլովսկիի հետ հարցազրույցների վրա։

Լեգենդար մոդելյերի ընկերներն ու գործընկերները ներկայացրել են նրա հետ կապված իրադարձությունները։ Բրունո Պավլովսկին պատմել է, թե ինչպես է Կարլը 1999թ․-ին վերապրել ճգնաժամը Chanel-ի վաճառքների անկումից հետո։ Կարոլինան հիշել է իր առաջին ֆոտոշարքը, որն անցկացվել է 1973թ․-ին Լագերֆելդի փարիզյան բնակարանում։ 16-ամյա արքայադուստրը կրել է մոդելյերի հագուստը, որը նա ստեղծել է Chloé-ի համար։

«Իմ նպատակն է եղել այս գրքում նրա կյանքը տեղավորել նորաձեւության պատմության կոնտեքստում, այդ պատճառով կարծում եմ, որ սա պարզապես Կարլի կենսագրությունը չէ, սա նաեւ նորաձեւության ոլորտի զարգացման մասին է»,- պատմում է Մաիրի Օտավին։

Գրքի շապիկի համար Օտավին ընտրել է Լագերֆելդի անձնագրային լուսանկարները, որոնցում նա պատկերված է առանց ակնոցի։ «Ես ցանկանում էի պատմել նրա յուրաքանչյուր սահմանի մասին, եւ այս լուսանկարները բացահայտում են նրա այլ կողմը»,- նշում է լրագրողը։

Աղբյուրը՝ Blueprint

Լուսանկարը՝ STEPHANE CARDINALE - CORBISGETTY IMAGES

 



© NEWS.am STYLE