«Միսս Բոստոն 2020» ճանաչված Քրիստինա Այանյանը՝ «Միսս Աշխարհ Արմենիա»-ին մասնակցելու ու Հայաստանի հետ կապված իր նպատակների մասին

17:03   18 սեպտեմբերի, 2021

23-ամյա Քրիստինա Այանյանը հատուկ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից: 2020 թ-ին, արժանանալով «Միսս Բոստոն» տիտղոսին, հայուհին հասկացել է, որ այն հսկայական աշատանքը, որը տարել է Բոստոնի գեղեցկուհի ճանաչվելուց հետո, կարող է իրականացնել նաեւ Հայաստանում՝ հանուն իր հայրենակիցների բարօրության:

Քրիստինան ծնվել է Բոստոնում, մինչեւ 5-րդ դասարան սովորել է հայկական՝ Սուրբ Ստեփանոս վարժարանում: Հայերենի վարժ իմացությունն ու հայրենասիրությունը աղջիկը վերագրում է ծնողների ու ուսուցիչների տված դաստիարակությանը:

Գեղեցկության մրցույթների Քրիստինան սկսել է մասնակցել 6-7 տարեկանում, բայց մոդելինգով ավելի լուրջ զբաղվել է 15 տարեկանից:

«Իմ երազանքն է եղել Հայաստանում այս գեղեցկության մրցույթին մասնակցելը: Ես «Միսս Բոստոն 2020» եմ ճանաչվել, ու երբ հասկացա, թե ինչ ներդրում կարող եմ ունենալ՝ լինելով հայ ու աշխատելով հայկական բարեգործական ընկերությունների հետ, որոշեցի գալ Հայաստան ու մասնակցել մրցույթին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Քրիստինան, որը Հայաստան ժամանել է մայրիկի հետ:

Անդրադառնալով մրցույթին մասնակցելու իր մյուս առաքելություններին՝ նա հավելեց.

«Իմ նպատակն է Սփյուռքին միացնել իրենց հայրենի հողի հետ, նաեւ ուզում եմ «Միսս Արմենիա» մրցույթն ավելի հանրահռչակել Սփյուռքի, մասնավորապես, ԱՄՆ-ի հայության մեջ: Ուզում եմ, որ մրցույթը ճանաչված լինի աշխարհով մեկ, լինեմ այդ հաղորդագրությունը բարձրացնող դեմքը: Հաղթանակից բացի ամենակարեւորն այն է, որ ես ուզում եմ Հայաստանը, Հայաստանի մասին նորությունները ավելի ճանաչելի ու հասանելի դարձնել աշխարհով մեկ ու հայկական համայնքների ներսում»:

Խոսելով մրցույթին մասնակցող մյուս աղջիկների մասին՝ Քրիստինան նշեց.

«Աղջիկների հետ արդեն շատ մտերիմ ենք: Թեեւ Հայաստան եմ հասել կիրակի օրը, բայց արդեն այնքան ենք մտերմացել, որ տպավորություն է, թե 19 քույր ունեմ: Ասես՝ ոչ թե մրցակիցներ լինենք, այլ՝ ընկերներ»:

Ինչ վերաբերում է մրցույթից հետո իր ծրագրերին՝ մոդելն ասաց, որ մտադիր է համատեղել իր գործունեությունը՝ թե´ Հայաստանում, թե´ ԱՄՆ-ում:

«Ուզում եմ Հայաստանում ավելի երկար մնալ: Նպատակս այն է, որ ժամանակ առ ժամանակ ապրեմ ե´ւ Հայաստանում, ե´ւ ԱՄՆ-ում: Ես մասնագիտությամբ ֆինանսիստ եմ ու ուզում եմ 5-10 տարվա ընթացքում ֆոնդ ստեղծել, որ Հայաստանի start up ընկերությունների հետ աշխատեմ: Այստեղ այնքան տաղանդավոր մարդիկ կան, որոնց մասին կուզեի աշարհն իմանար»,-հավելեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE