Գարիկ Խարլամովն առաջին անգամ հանրությանը ներկայացել է նոր սիրեցյալի հետ

17:06   19 սեպտեմբերի, 2021

Comedy Club-ի հայտնի ռեզիդենտի եւ 28-ամյա դերասանուհի Եկատերինա Կովալչուկի սիրավեպի մասին շոու-բիզնեսի կուլիսներում վաղուց են խոսում: Նախկին կնոջից՝ Քրիստինա Ասմուսից բաժանվելուց հետո արտիստը գրեթե միանգամից նոր սեր է գտել։ Տարօրինակ զուգադիպությամբ աղջիկն արտաքնապես շատ մեծ նմանություն ունի ռուսական ամենասկանդալային «Տեքստ» ֆիլմի աստղին։ Կատերինային նույնիսկ անվանում են Ասմուսի պատճեն, ինչը, իհարկե, դուր չի գալիս նրան:

Ըստ լուրերի՝ Կովալչուկի եւ Խարլամովի միջեւ սիրավեպը «բռնկվել է» դեռեւս անցյալ տարի՝ կատակերգական սերիալի նկարահանման հրապարակում։ Շոումենը երկար ժամանակ չէր ցանկանում իր անձնական կյանքը ցուցադրել, քանի որ նախորդ անգամ նրա կնոջ անունը մշտապես հայտնվում էր նորությունների վերնագրերում:

Այսօր հումորիստն իր սրտի տիրուհու հետ հայտնվել է HOT DOG BULLDOG միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել «Կրոկուս Էքսպո»-ում: Երջանիկ Կովալչուկը բարձր տրամադրություն ուներ՝ հաճույքով լուսանկարվել է տեսախցիկների առջեւ։ Դերասանուհու եւ Խարլամովի համատեղ լուսանկարն իր անձնական միկրոբլոգում հրապարակել է հայտնի ոճաբան Կատյա Պանչը: Այսպիսով, նա վերջ է տվել աստղերի սիրավեպի մասին լուրերին, քանի որ առեղծվածը վերջապես բացահայտվեց։

Աղբյուրը՝ Экспресс-газета



© NEWS.am STYLE