«Ցանկանում եմ խոսել կանանց խնդիրների մասին». 18-ամյա Լիդիա Ծատրեանը Իրանից եկել է Հայաստան՝ «Միսս Աշխարհ Արմենիա»-ին մասնակցելու նպատակով

13:05   20 սեպտեմբերի, 2021

18-ամյա Լիդիա Ծատրեանը «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթին եկել է Իրանից: Լիդիան ծնվել եւ մեծացել է Թեհրանում: Աղջիկը հետաքրքրվում է սպորտով, երկար տարիներ զբաղվում է վոլեյբոլով, իսկ մոդելինգի ասպարեզում հայտնվել է շատ պատահական: NEWS.am STYLE-ը «Միսս Տիեզերք Արմենիա» եւ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների մասնակիցների մասին նկարահանվող ֆիլմի բեքսթեյջում հանդիպել է Լիդիային ու զրուցել մրցույթին մասնակցելու նրա նպատակի, ասելիքի ու մյուս նախասիրությունների մասին:

«Ես միշտ հետեւում էի «Միսս Արմենիա» մրցույթին, ու մի օր արթնացա ու հենց նույն օրը որոշեցի ես էլ մասնակցության հայտ ներկայացնեմ: Ծնողներս ու ընկերներս շատ աջակցեցին իմ այդ գաղափարին»,-ոգեւորված պատմում է նա:

Լիդիայի խոսքով՝ թե «Միսս Աշխարհ»-ին, թե «Միսս Տիեզերք»-ին մասնակցելն իր համար մեծ պատիվ կլիներ, բայց մասնակցում է «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթին, նախ՝ քանի որ չափանիշները հենց այդ մրցույթին են համապատասխանում, բացի դրանից՝ այդ մրցույթի ասելիքն էլ իրեն ավելի հոգեհարազատ է.

«Ինձ ավելի դուր է գալիս «Միսս Աշխարհ» մրցույթը, որն ավելի կենտրոնացած է մարդկանց օգնելու վրա, որտեղ ավելի շատ ուշադրություն են դարձնում ներքին գեղեցկությանը, որն, ըստ իս, ավելի կարեւոր է, քան արտաքին գեղեցկությունը»:

Անդրադառնալով իր մասնակցության մեսիջին՝ Լիդիան նշեց.

«Ես մի քանի թեմա ունեմ, որոնց մասին կուզեի բարձրաձայնել մրցույթի ժամանակ. ամենակարեւորը Հայաստանի թեման է, որ բոլորը ճանաչեն մեր երկիրը, իմանան պատերազմի մասին: Ուզում եմ, որ Հայաստանն անպայման հաղթի այդ մրցույթում, ես այն մտքով չեմ մեկնի, թե մենք չենք հաղթելու: Նաեւ ցանկանում եմ խոսել կանանց իրավունքների մասին: Ես Իրանից եմ, որը շատ փակ երկիր է, որտեղ կանայք շատ խնդիրներ ունեն… Ես ուզում եմ խոսել այնտեղի, Հայաստանի ու, առհասարակ, աշխարհի կանանց խնդիրների մասին»:

Լիդիան մոդելինգով սկսել է զբաղվել երկու տարի առաջ, իսկ առաջարկը ստացել է շատ պատահական.

«Ծանոթներիցս մեկը դիմահարդարման դասընթացների էր գնում, եւ մի օր ինձ իր հետ տարավ՝ որպես մոդել: Նա սովորում էր Իրանի ամենահայտնի դիմահարդարներից մեկի մոտ: Երբ նա ինձ տեսավ, խնդրեց, որ ես մասնակցեմ իրենց սրահի համար նախատեսված նկարահանմանը ու դառնամ իրենց մոդելը: Ես համաձայնվեցի, ու այդտեղից էլ ամեն բան սկսվեց»,-պատմում է նա:

Աղջիկը նշում է՝ ուզում է ուսումը շարունակել Հայաստանում՝ զարգացնելով իր մարզական կարիերան.

«Ես ցանկանում եմ կրթությունս շարունակել սպորտի ասպարեզում: Ուզում եմ կարողանալ օգնել երեխաներին, դառնալ մարզիչ ու մարզել այն երեխաներին, որոնք հնարավորություն չունեն սպորտով զբաղվելու: Կցանկանայի սովորել Հայաստանում: Հնարավոր է տեղափովեմ այստեղ ու ուսումս շարունակեմ Ֆիզկական կուլտուրայի ինստիտուտում»:

Հիշեցնենք, որ «Միսս Աշխարհ Արմենիա» եւ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթների եզրափակիչ փուլը կկայանա սեպտեմբերի 22-ին: Կարմիր գորգի արարողությանը կհաջորդի աղջիկների մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին էլ՝ հաղթողների թագադրումը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE