«Մեր անկախությունն իմաստավորվում է յուրաքանչյուրիս շիտակ ու համառ գործով, եւ յուրաքանչյուրիս գործն իմաստավորվում է անկախության գիտակցումով».  Սերգեյ Սմբատյան

10:05   21 սեպտեմբերի, 2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն Անկախության օրվա առթիվ գրառում է կատարել։

«Հայաստանի Հանրապետության անկախությունը պայքարով ու նվիրումով նվաճված հասցե է, որով հայ ազգի տունն անշփոթելի է դառնում աշխարհի մեծության մեջ:

Այստեղ հայ ազգը գրում, նկարում, նվագում, կառուցում է այն մշակույթը, որը մեր ինքնության նյութն է։ Մեր մշակույթը հարյուրամյակներ ի վեր ստիպված է եղել իր տեղը գտնել այլ մշակույթների ստվերում, և միայն Հայաստանի անկախության լույսի ներքո կարողացավ աշխարհին երևալ իր ամենաինքնուրույն կերպարով։

Մեր անկախությունն իմաստավորվում է յուրաքանչյուրիս շիտակ ու համառ գործով, և յուրաքանչյուրիս գործն, իր հերթին, իմաստավորվում է անկախության գիտակցումով։ Մեր գործը մենք պատվախնդրորեն կատարում ենք երաժշտության լեզվով և աշխարհի համար այդպես թարգմանում մեր ինքնությունը։ Սա մեր անվերջ պարտքն ու երախտիքն է հայրենիքի անկախության համար վճարած թանկ գնի դիմաց։ Այդ պարտքը յուրաքանչյուրը կրում է իր ձևով։

Աստված օրհնի Հայաստանը:

Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության 30-ամյա անկախությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

 



© NEWS.am STYLE