«Աշխատել սկսել եմ 13 տարեկանից». մասնագիտությամբ իրավաբան Նանե Ավետիսյանը՝ «Միսս Աշխարհ եւ Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին մասնակցելու դրդապատճառի մասին

13:23   21 սեպտեմբերի, 2021

Մասնագիտությամբ իրավաբան Նանե Ավետիսյանը «Միսս Աշխարհ Արմենիա» եւ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթների այս տարվա մասնակիցներից է: 24-ամյա Նանեն մցույթին մասնակցելու իր նպատակն ու դրդապատճառն ունի, որոնց մասին պատմել է NEWS.am STYLE-ին:

Գեղեցիկ արտաքինով աչքի ընկնող աղջիկը նախկինում մոդելինգով չի զբաղվել, թեեւ փոքր տարիքում գեղեցկության մրցույթի մասնակցելու փորձ ունեցել է:

«Փոքր տարիքում մասնակցել եմ «Միսս Աշակերտուհի» մրցույթին, բայց դա ինձ, առանձնապես, փորձ չի տվել, որովհետեւ ավելի շատ սիրողական մակարդակի մրցույթ էր, չնայած հաղթեցի այդ մրցույթում ու շատ էի ոգեւորվել: Սակայն դրանից հետո ավելի շատ սկսել եմ զբաղվել իմ կրթությամբ, սպորտով…»: 

Նանեն ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, այս պահին աշխատում է միջազգային հիմնադրամում` որպես գործառնությունների տնօրեն:

«Մեր հիմնադրամը հիմնականում գիտության, սպորտի ու մշակույթի ոլորտներով է զբաղվում: Սա ինձ շատ հոգեհարազատ աշխատանք է»,-ասում է նա՝ հավելելով.

«Առհասարակ, աշխատել սկսել եմ շատ վաղուց՝ 13 տարեկանից: Վաղ տարիքից աշխատելը կապված էր առաջին հերթին ինքնուրույնության ձգտման հետ, բացի այդ` ես ծնվել եւ մեծացել եմ բազմազավակ ընտանիքում, ինչն իր հետ բերում է որոշակի դժվարություններ, ու ուզում էի փորձել ծնողներիս հոգսը թեթեւացնել: Իհարկե, օգնել ասվածն այդ պահին սահմանափակվում էր օրական 1000 դրամ ստանալով: Մանկական խնջույքներին փերի էի աշխատում: Քանի որ բարձրահասակ էի, միշտ կարծում էին, թե ես ավելի մեծ եմ տարիքով` կեղծամներ էի կրում, գեղեցիկ զգեստներ հագնում ու գնում էի իմ տարիքի երեխաներին ուրախացնելու (ծիծաղում է)»:

Անդրադառնալով մրցույթին մասնակցելու իր դրդապատճառներին՝ Նանեն շեշտում է՝ նպատակն արտաքին գեղեցկությունը ցուցադրելը չէ. կոնկրետ ասելիք ունի.

«Գեղեցկությունը միանգամից է երեւում. դա այնպիսի բան չէ, որը ցանկանաս հատուկ ցուցադրել: Դա, երեւի, ամենաառաջին հատկանիշն է մարդու, որը միանգամից նկատում են: Ինձ մրցույթ բերեց կարծրատիպերը կոտրելու մեծ ցակությունը: Շատ հաճախ, երբ դու գեղեցիկ ես, քո առջեւ գերխնդիր է դրված ապացուցելու, որ դու նաեւ խելացի ես: Մարդիկ, երբ տեսնում են, որ դու ամեն օր աշխատանքի ես ներկայանում խնամված, շպարված, բարձրակրունկներով, մտածում են` ուղղակի գեղեցիկ աղջիկ է: Հիշում եմ` մի անգամ, երբ կոլեգաներիցս մեկին ասացի, որ զբաղվում եմ ձիասպորտով, ասաց` փաստորեն, դու գեղեցիկ լինելուց բացի, նաեւ հետաքրքիր ու խելացի՞ ես... Դա երբեւէ լսածս ամենավիրավորական արտահայտությունն էր, ինչ-որ տեղ նաեւ մարտահրավեր էր. ես հասկացա, որ, այո, կա նման կարծրատիպ»:

Գեղեցկության մրցույթի մասնակիցը նաեւ ցանկանում է իր օրինակով ոգեշնչել երիտասարդներին, որ համառությամբ ու խելքով կարող են հասնել իրենց նպատակներին.

«Երբ 23 տարեկանում դիմում էի տնօրեի հաստիքի համար, ինձ ասում էին, չի ստացվի. դու դեռ շատ երիտասարդ ես դրա համար, Հայաստանում ամեն ինչ ծանոթությունով է, եւ այլն... Իսկ ես գնացի այդ հարցազրույցին ու հիմա արդեն աշխատում եմ այդ պաշտոնում: Ուզում եմ ապացուցել, որ դու կարող ես որոշել մի բան, անել ու հաջողել»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE