Թեհրանից մրցույթի համար Երեւան ժամանած Փրենի Դավթյանը՝ «Միսս Աշխարհ Արմենիա»-ին մասնակցելու նպատակների ու հաղորդագրության մասին

15:05   21 սեպտեմբերի, 2021

25-ամյա Փրենի Դավթյանը «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթին մասնակցելու համար Երեւան է ժամանել Թեհրանից: Փրենին գեղեցկության մրցույթներին մասնակցելու փորձ արդեն ունի. այս տարի հասկացել է, որ պատրաստ է ներկայացնել իր հայրենիքը միջազգային հեղինակավոր մրցույթներին: Իսկ, թե ինչ հաղորդագրություն է ուզում փոխանցել աշխարհին, աղջիկը պատմել է NEWS.am STYLE-ին:

«Ես այս ոլորտում իմ քայլերն սկսել եմ 4 տարի առաջ: Շատ եմ ցանկացել գալ Հայաստան ու մասնակցել մրցույթին, բայց նման հնարավորություն չէր եղել, իսկ այս տարի զգացի, որ արդեն պատրաստ եմ ու հայտ ներկայացրի: Երկու տարի առաջ ներկայացրել եմ Հայաստանը Ֆիլիպիններում, ու այնտեղ բավական մեծ փորձ եմ ձեռք բերել»,-պատմում է նա,-«Աստված տա, եթե կարողանամ այդ հրաշալի հնարավորությունը ստանալ ներկայացնելու Հայաստանը այդ հեղինակավոր մրցույթում, կանեմ լավագույնը դրա համար»:

Փրենին ավարտել է քիմիական ճարտարագիտության ֆակուլտետը, իր մասնագիտությամբ աշխատում է՝ զուգահեռ զբաղվելով մոդելինգով: Սիրում է նաեւ սպորտով զբաղվել: Խոսելով մրցույթին մասնակցելու իր նպատակների մասին՝ մոդելը նշում է.

«Նպատակներս շատ են, ու կարծում եմ՝ առհասարակ ով էլ հաղթի մրցույթում, հնարավորություն կունենա մեկից ավելի նպատակներ դնել իր առջեւ: Այս աշխարհում կան տարբեր խնդիրներ, որոնք կարող են լուծվել հենց մեր՝ աղջիկներիս ձայներով: Բոլոր աղջիկներն էլ շատ մեծ ներուժ ունեն, ու սա ամենամեծ հնարավորություններից է մեզ համար: Ուզում եմ մրցույթի միջոցով դառնալ կարեւոր քայլ պարսկահայ աղջիկների համար, մի բան ստեղծել իմ օրինակով: Նաեւ նպատակ ունեմ աջակցել պատերազմից տուժած երեխաներին՝ կրթության եւ տարբեր ոլորտներում»:

«Միսս Աշխարհ» մրցույթին մասնակցելը Փրենիի համար երազանք է եղել. ասում է՝ փոքր տարիքից հետեւում է մրցույթին ու հաճախ է իրեն պատկերացրել այդ բեմում.

««Միսս Աշխարհ» մրցույթը մոտ է իմ էությանը. այն ներկայացնում է գեղեցկությունը նպատակով: Փոքր տարիքից հետեւում էի այդ մրցույթին, նույնիսկ, կարող եմ բոլոր հաղթողների անունները նշել (ծիծաղում է): Երազել եմ՝ մի օր էլ ես ներկայանամ այս մրցույթին, ու այսօր այդ երազանքս իրականացնելու ճանապարհին եմ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE