Ինչպես ազատվել աշնան թախիծից

21:12   27 սեպտեմբերի, 2021

Որքան եղանակն ավելի զովանում է, այնքան աշնանային թախիծն ավելի շատ է սկսում պատել մեզ եւ ուզես, թե չուզես ընկնում ես աշնանային մելամաղձոտ ու մռայլ տրամադրության մեջ։ Արդյունքում, տխուր ֆիլմեր դիտելու, տրամադրությունից դժգոհելու, առավոտյան երկար քնելու ցանկություն է առաջանում։

Բայց հիշեք, սիրելիներս, աշնանը կյանքը չի կանգնում, այլ հակառակը՝ ժամանակն է հասկանալ, որ առջեում մի շարք հետաքրքիր օրեր են Ձեզ սպասվում։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք ոչ միայն կօգնեն ազատվել աշնան թախիծից, այլեւ կբարձրացնեն տրամադրությունը։

1. Գնացեք շոփինգի

Պետք չէ բացել զգեստապահարանը եւ ընտրել մուգ ու մռայլ հագուստներ, քանի որ դրանք միայն տխրություն են հաղորդում ձեզ։  Ավելի լավ է գնացեք ու պտտվեք խանութներով եւ մի նոր ու ոճային հագուստ գնեք, որն ուրախություն կպատճառի ձեզ։ Պետք է հիշել, որ աշունը հնարավորություն է տալիս գնել սպորտային նոր կոշիկներ, նոր վերարկուներ, ինչու ոչ նաեւ երփներանգ զգեստներ ու սվիտերներ։ Նորաձեւ է դա, թե ոչ, կապ չունի, եթե որեւէ հագուստ այդ պահին ձեզ դուր է գալիս, ուրեմն  հենց դա էլ ընտրեք. բայց իհարկե, ամեն հարցին պետք  է խելամիտ մոտենալ։

2. Գնացեք պարի դասընթացների

Այո, այո, սա հենց այն է, ինչի մասին դուք արդեն կես տարի է մտածում եք։ Ժամանակն է, որ ցանկություններն ի կատար ածեք։ Իսկ եթե կարծում եք, որ պարը Ձեզ համար չէ, ապա կարող եք ֆիթնեսի կամ լողի գնալ։ Դուք ֆիզիկական ակտիվության պակաս ունեք։ Ի դեպ, օրը կարելի է լցնել նաեւ գեղեցիկ ու տրամադրող երաժշտությամբ։

3. Հաճախ զբոսնեք

Աշունը տանը նստելու համար չէ՝ չնայած չգիտես ինչու, այս շրջանում սովորաբար բոլորը հենց դա են ուզում։ Բայց պետք է զանգել ընկերուհուն կամ սիրած էակին եւ դուրս գալ փողոց՝ զբոսնելու։ Ճանապարհին կարելի է մի սրճարան մտնել՝ մեկ բաժակ սուրճ կամ թեյ խմելու եւ թխվածք ուտելու։  Ի դեպ, մասնագետները խորհուրդ չեն տալիս աշնանը դիետաներ պահել, քանի որ իմունիտետն արդեն իսկ թույլ է, եւ այն չի կարող «հանդուրժել» քաղցը։

4. Կարգի բերեք ամեն ինչ

Ճիշտ է, մի փոքր ձանձրալի է հնչում, բայց խոսքը ամեն ինչ կարգի բերելու ու մաքրելու մասին է, որից հետո ձեզ շատ ավելի թարմացած ու վերականգնված կզգաք։ Օրինակ, կարող եք հավաքել կոշիկները կամ հին զուգագուլպաները. դրանցից շատերը, հաստատ, վաղուց պետք է աղբարկղում լինեին։ Հավաքեք այն ամենը, ինչն այլեւս չեք կրում կամ չեք օգտագործում։ Դուք կտեսնենք, որ այս գործընթացը որքան դրականորեն է ազդում Ձեզ վրա։

5. Միացրեք լույսը եւ բացեք պատուհանը

Մասնագետները պնդում են, որ տխուր ու մելամաղձոտ տրամադրության հիմնական պատճառը խավար ու մռայլ  օրն է։ Մենք արթնանում ենք մթության մեջ եւ տուն վերադառնում երեկոյան մութ ժամերին, ինչը չի կարող չազդել մեր տրամադրության վրա։ Բացի տրամադրության անկումից, լույսի պակասը կարող է բացասական ներգործություն ունենալ մարդու օրգանիզմի եւ մարմնի վրա։ Աշնանը մեր օրգանիզմը վիտամին D –ի պակաս ունի, այդ պատճառով առաջանում են նաեւ մաշկի, իմունիտետի որոշ խնդիրներ։ Հետեւաբար պետք չէ մոռանալ վարագույրները բացելու եւ սենյակը լուսավորելու մասին։ Ճիշտ է, սա կարող է շատ էլեկտրաէներգիա պահանջել, բայց համաձայնեք, առողջությունը շատ ավելի կարեւոր է։

6. Սեքսով զբաղվեք

Իհարկե, սիրած անձնավորության հետ։ Սեքսով զբաղվելը նպաստում է էնդորֆինների (այսպես կոչված «երջանկության» հորմոն) արտադրությանը։ Բայց պետք չէ սեքսին՝ որպես բուժման միջոցի վերաբերել, քանի որ դեղամիջոցները խմում են ըստ ցուցակի, իսկ սա արդեն ձանձրալի է։Սեքսը պետք է միայն դրական զգացմունքներ առաջացնի ձեզ մոտ։

7. Ինքնաքննադատությամբ մի զբաղվեք

Հենց աշնանը ցանկություն է առաջանում վերլուծել քո ներաշխարհը կամ գնալ հոգեբանի մոտ։ Բայց պետք չէ այդքան կենտրոնանալ վատ տրամադրության վրա, պարզապես փորձեք մի փոքր ավելի լավ ու հաճելի երեւույթների մասին մտածել, որովհետեւ ինքնաքննադատությունը ոչնչով չի օգնի ձեզ եւ չի փրկի իրավիճակը։ Նման դեպքերում կարող է անգամ օգնել հետեւյալ արտահայտությունը. «դրա մասին կարելի է վաղը մտածել»։ Նախընտրելի է, որ այս նախադասությունն ամեն օր ասեք, մինչեւ Ձեզ մոտ տրամադրության դրական փոփոխություն կլինի։

Աղբյուրը՝  Delfi



© NEWS.am STYLE