«Միսս Տիեզերք Արմենիա» եւ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ամբողջական ֆոտոշարքը, մրցանակակիրներն ու հաղթողների հույզերը (ֆոտո/վիդեո)

11:05   23 սեպտեմբերի, 2021

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ավարտվեց «Միսս Աշխարհ եւ Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթը, որի ընթացքում որոշվեց, թե որ երկու գեղեցկուհիներն են ներկայացնելու Հայաստանը ամենահեղինակավոր՝ «Միսս Տիեզերք» եւ «Միսս Աշխարհ» մրցույթներում: NEWS.am STYLE-ը երեկ հաղորդել է, որ Նանե Ավետիսյանը դարձել է առաջին, իսկ Միրնա Պստիկյանը՝ երկրորդ մրցույթի հաղթողը:

Այժմ ներկայացնում ենք մրցույթի եզրափակիչ փուլի մանրամասներն ու մյուս մասնակիցների գրանցած հաջողությունները:

Այսպիսով, այս տարի «Միսս Արմենիա» հիմնադրամի կազմակերպած մրցույթին մասնակցում էր 20 աղջիկ: Նրանցից ոմանք պայքարում էին «Միսս Տիեզերք»-ի, մյուսներն էլ՝ «Միսս Աշխարհ»-ի ուղեգրի համար: Կային մասնակիցներ, որոնք ներառված էին երկու մրցույթներում էլ:

Առաջինը հայտարարվեց «Միսս Տիեզերք»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը, սակայն մինչ այդ՝ բեմի կենտրոնում հայտնվեց լավագույն հնգյակը: Ալլա Կարապետյանը ճանաչվեց «Չորրորդ Վիցե Միսս», Վիվիանա Ասատուրին՝ «Երրորդ Վիցե Միսս», Մանան Հունանյանը՝ «Երկրորդ Վիցե Միսս», իսկ Ադրիանա Գալաստյանը՝ «Առաջին Վիցե Միսս»: Ի դեպ, Ադրիանան հանդիսատեսի քվեարկության առաջատարն էր:

«Միսս Տիեզերք Արմենիա»-ի հաղթողին՝ Նանե Ավետիսյանին, թագը շնորհեց «Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանը:

Նանե Ավետիսյանը 24 տարեկան է, մասնագիտությամբ՝ իրավաբան, ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը: Նանեն ծնվել եւ մեծացել է Երեւանում. աշխատում է «Թովմասյան» հիմնադրամում՝ որպես գործառնությունների տնօրեն: 13 տարականում մասնակցել է «Միսս Աշակերտուհի» մրցույթին՝ ճանաչվելով հաղթող, սակայն դա իր կյանքում մեծ փորձ չի համարում, չնայած չի ժխտում՝ այդ հաղթանակով էլ էր ոգեւորված:

«Մրցույթին մասնակցելու որոշումը կայացրել էի դեռեւս երկու տարի առաջ. ընկերներով նստած էինք, ու ասացի իրենց այդ ցանկությանս մասին, իրենք էլ ոգեւորեցին, որ հայտ ներկայացնեմ»,-պատմում է նա՝ նշելով, որ սկզբում երկմտել է՝ մասնայկցե՞լ, թե՞ ոչ՝ մտածելով, որ ինքն արդեն իրեն գտել է իր մասնագիտության մեջ, սակայն ընկերներն ավելի համառ են գտնվել՝ համոզել են, որ մասնակցի՝ վստահ լինելով, որ հաղթողը հենց ինքն է լինելու:

«Իրականում վերջին մի քանի օրերին աղջիկներից շատերն էին ինձ մոտենում ու ասում՝ Նանե, մեզ թվում է՝ դու ես հաղթելու: Չէի հասկանում՝ որտեղից ունեին այդ զգացողությունը (ծիծաղում է): Հիմա էլ՝ հաղթանակից հետո, մոտենում են ու ասում՝ մենք գիտեինք, որ այդպես էր լինելու: Ինչ վերաբերում է ինձ՝ ես շատ լարված էի, ինձ վատ էի զգում: Ասել, թե սպասում էի հաղթանակի, սուտ կլինի, բայց մտածում էի՝ եթե աղջիկներն են ասում, ուրեմն՝ մի բան զգում են: Ես զգում եմ, որ նրանք շատ ուրախ են ինձ համար, ինչն ինձ եւս ուրախացնում է»:

Անդրադառնալով մրցույթին մասնակցելու իր դրդապատճառներին ու գլխավոր հաղորդագրությանը, ավելի վաղ՝ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, Նանեն ասել էր.

«Ինձ մրցույթ բերեց կարծրատիպերը կոտրելու մեծ ցակությունը: Շատ հաճախ, երբ դու գեղեցիկ ես, քո առջեւ գերխնդիր է դրված ապացուցելու, որ դու նաեւ խելացի ես: Մարդիկ, երբ տեսնում են, որ դու ամեն օր աշխատանքի ես ներկայանում խնամված, շպարված, բարձրակրունկներով, մտածում են` ուղղակի գեղեցիկ աղջիկ է: Հիշում եմ` մի անգամ, երբ կոլեգաներիցս մեկին ասացի, որ զբաղվում եմ ձիասպորտով, ասաց` փաստորեն, դու գեղեցիկ լինելուց բացի, նաեւ հետաքրքիր ու խելացի՞ ես... Դա երբեւէ լսածս ամենավիրավորական արտահայտությունն էր, ինչ-որ տեղ նաեւ մարտահրավեր էր. ես հասկացա, որ, այո, կա նման կարծրատիպ»:

Նա նաեւ ցանկանում է իր օրինակով ոգեշնչել երիտասարդներին, որ համառությամբ ու խելքով կարող են հասնել իրենց նպատակներին.

«Երբ 23 տարեկանում դիմում էի տնօրենի հաստիքի համար, ինձ ասում էին՝ չի ստացվի. դու դեռ շատ երիտասարդ ես դրա համար, Հայաստանում ամեն ինչ ծանոթությունով է, եւ այլն... Իսկ ես գնացի այդ հարցազրույցին, ու հիմա արդեն աշխատում եմ այդ պաշտոնում: Ուզում եմ ապացուցել, որ դու կարող ես որոշել մի բան, անել ու հաջողել»:

«Միսս Աշխարհ Արմենիա»-ի լավագույն հնգյակում էին Լիանա Եղիազարյանը («Չորրորդ Վիցե Միսս»), Քրիստինա Այանյանը («Երրորդ Վիցե Միսս»), Վիկա Բալոյանը («Երկրորդ Վիցե Միսս»), Փրենի Դավթյանը (Առաջին Վիցե Միսս) եւ Միրնա Պստիկյանը, որն էլ դարձավ հաղթող, եւ իր թագն ընդունեց «Միսս Աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանից:

«Զգացողություններս շատ խառն են: Ես ինձ շատ բախտավոր եմ զգում ու ուզում եմ շնորհակալություն հայտնել Գոհար Հարությունյանին ու ժյուրիի մյուս անդամներին՝ ինձ ընձեռնված այս հնարավորության համար: Խոստանում եմ կրել ամբողջ պատասխանատվությունն ու Հայաստանը «Միսս Աշխարհ»-ին ներկայացնել ամենաարժանի ձեւով»,- նշեց Միրնան:

Միրնա Պստիկյանը Սիրիայից է, բայց արդեն երկու տարի է՝ բնակվում է Հայաստանում: Միրնան 19 տարեկան է, սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ցանկանում է դառնալ իրավապաշտպան: Նախկինում գեղեցկության մրցույթների չի մասնակցել, զբաղվում է սպորտով՝ պրոֆեսիոնալ լողորդ է:

«Վեց տարի եղել եմ Սիրիայի պրոֆեսիոնալ լողի հավաքականում, սակայն երբ տասը տարեկան էի, Սիրիայում պատերազմը սկսվեց եւ ոչ միայն ես, այլեւ բոլոր սիրիահայերը շատ դժվարություններով անցան, ինչն  ազդեց նաեւ իմ կարիերայի վրա: Ստիպված էի թողնել նպատակս ու գալ Հայաստան, որպեսզի ավելի խաղաղ պայմաններում ապրեինք»:

Խոսելով մրցույթին մասնակցելու իր նպատակների մասին՝ Միրնան ընդգծեց.

«Երկու նպատակ ունեի մասնակցելու: Քանի որ Հայաստանն էլ, ցավոք, անցավ պատերազմի միջով, ես գիտեմ այդ ցավը, եւ ուզում եմ իմ օրինակով ցույց տալ, որ ինչպես ես՝ դժվարությունների միջով անցնելով այսօր դարձա տիտղոսակիր, հայերն էլ մի օր կկարողանան լույս գտնել, որովհետեւ ես հավատում եմ, որ անձրեւից հետո գալիս է արեւ: Ուզում եմ ասել, որ այս պատերազմը պիտի ավարտվի: Համաշխարհային մրցույթում ուզում եմ ներկայացնել հայ կնոջ կերպարը, Հայաստանն՝ իր բոլոր դժվարություններով, որովհետեւ մեր երկիրն արժանի է մեծ պետությունների մեջ դառնալ ճանաչված, եւ ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունն իմ ուսերին»:

Ինչ վերաբերում է մյուս տիտղոսակիրներին՝ Նատալի Հարությունյանն աղջիկների քվեարկությամբ ճանաչվեց «Միսս համերաշխություն», «Միսս բիկինի» տիտղոսին արժանացավ Մարինա Կարապետյանը, իսկ Լիդիա Ծատրեանը «Միսս ֆոտոգենիկ»-ն է:

Ի սկզբանե «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը նշել էր, որ ժյուրիին այս տարի բարդ ընտրություն է սպասվում: Խոսելով վերջնական որոշման մասին՝ Գոհարը հավելեց.

«Իրականում ես եւ մեր պրոդյուսեր Էդգար Սահակյանը շատ խճճված էինք, որովհետեւ ավելի էինք մտերմացել աղջիկների հետ եւ գիտակցում էինք յուրաքանչյուրի առավելությունները, բայց ժյուրիի մյուս անդամները շատ արագ կողմնորոշվեցին: Նրանք տարբեր բնագավառներից են, բայց կարողացան շատ ճիշտ վերլուծել, համատեղել այդ միջազգային մրցույթների բոլոր չափանիշներներն ու հիմա վստահ եմ՝ ընտրությունը ճիշտ էր. աղջիկները համապատասխան են ընտրված մրցույթների համար, նաեւ ամբողջովին համապատասխանում են մեր հասարակության պահանջներին՝ խելացի են ու բնական արտաքինով, խոսում են 4 լեզուներով, ունեն հետաքրքիր կենսափորձ, անցած ճանապարհ եւ  ասելիք, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք ադպիսի աղջիկներ»:

Նա նաեւ նշեց, որ կարճ ժամանակ ունեն աղջիկներին «Միսս Տիեզերք» եւ «Միսս Աշխարհ» մրցույթներին նախապատրաստելու համար, ու չնայած՝ յուրաքանչյուրը տարբեր ձեւով պետք է պատրաստվի մրցույթին, ամեն ինչ անելու են ըստ արժանվույն ներկայանալու համար:

Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք 2021»-ը եւ «Միսս Աշխարհ 2021»-ը տեղի են ունենալու դեկտեմբերին: Առաջին մրցույթը հյուրընկալելու է Իսրայելը, իսկ երկրորդը՝  Պուերտո Ռիկոն:

Սյունե Առաքելյան

Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE