Հայաստանը «Միսս Երկիր» մրցույթում ներկայացնում է 23-ամյա Մարինա Շուքուրյանը

12:25   25 սեպտեմբերի, 2021

Հայաստանը «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթում ներկայացնում է 23-ամյա մոդել Մարինա Շուքուրյանը: Այս մասին NEWS.am STYLE-ին հայտնեց մրցույթի ազգային տնօրեն, պրոդյուսեր Յանա Գրիգորյանը:

Մարինան ծնունդով Երեւանից է, ավարտել է ԵՊՀ-ի «Տնտեսագիտություն եւ կառավարում» բաժինը, այժմ սովորում է գրաֆիկ դիզայն, մասնագիտությանը զուգահեռ՝ զբաղվում է մոդելինգով:

«Միսս Երկիր» մրցույթը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին, սակայն հայ մասնակցի ընտրությունը կատարվել է սեպտեմբերի 22-ին.

«Քանի որ մրցույթն առցանց տարբերակով է ընթանում եւ դրան մասնակցում են մոտ 100 երկրի ներկայացուցիչներ, մենք չենք ուշացել, եւ առաջին փուլին կմասնակցենք սեպտեմբերի 30-ին: Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին»,-մանրամասնեց պրոդյուսերը:

«Գուցե, Հայաստանում քչերն են տեղյակ, բայց «Միսս Երկիր»-ն ունի նույն վարկանիշը, ինչ «Միսս Տիեզերքը», «Միսս Աշխարհը» եւ «Միսս Ինտերնացիոնալը»: Այն հիմնականում անց է կացվում Ֆիլիպիններում, բայց կորոնավիրուսի պատճառով այս տարի այն իրականացվում է առցանց տարբերակով: Մրցույթի առանձնահատկությունը նրանում է, որ այն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո եւ ուղղված է բնապահպանական խնդիրների լուծմանը, իսկ հաղթողը հնարավորություն է ունենում դառնալ ՄԱԿ-ի դեսպան»,-նշեց նա:

Անդրադառնալով Հայաստանի ներկայացուցչի ընտրությանը՝ Յանան հավելեց.

«Մեծ ցանկություն ունեինք անցկացնելու ազգային մրցույթ, որի ընթացքում շատ մասնակիցներ կունենային հնարավորություն փորձելու իրենց ուժերը, սակայն քանի որ կար խնդիր ֆինանսների եւ հովանավորների հետ, եւ ժամանակ էլ, ցավոք, չունեցանք, համագործակցության առաջարկ ստացա «Թոփ մոդել Արմենիա» եւ «Միսս Facebook», «Միսս Instagram» մրցույթների հիմնադիր Տաթեւ Ավետիսյանից: Փորձեցինք այս տարի մի փոքր այլ ձեւաչափով ներկայանալ. ես ընտրեցի 2019 թ-ի «Թոփ մոդել» մրցույթի հաղթող Մարինա Շուքուրյանին: Ընտրությունս նրա վրա կանգ առավ, քանի որ նա համապատասխանում էր թե´ արտաքնապես, թե´ իր կենսափորձով: Պետք է կարեւորեմ այն փաստը, որ նա ոչ մի վիրահատական միջամտությունների չի դիմել, շատ լավ տիրապետում է անգլերենին, ունի բարձրագույն կրթություն, հասակը, տարիքը եւս այս մրցույթին համապատասխան են»:

Ինչ վերաբերում է «Միսս Երկիր» մրցույթի անցկացման կարգին՝ Յանա Գրիգորյանը տեղեկացրեց, որ մինչ էկո խնդիրն ընտրելն ու ներկայացնելը, Հայաստանի ներկայացուցիչը պետք է անցնի մի քանի փուլերով՝ լողազգեստի, ազգային տարազի, երեկոյան զգեստի, տաղանդի, ինչպես նաեւ՝ ժյուրիի հետ ծանոթության:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Յանա Գրիգորյանը



© NEWS.am STYLE