Ուիլ Սմիթը պատմել է, թե ինչու է հրաժարվել նկարահանվել Քվենտին Տարանտինոյի ֆիլմում

15:38   28 սեպտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը «GQ» ամսագրին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է մերժել «Ջանգո ազատագրվածը» ֆիլմում գլխավոր դերը կատարելու ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի առաջարկը։

«Ես չէի ցանկանում թխամորթ մարդկանց այդ լույսի ներքո ներկայացնել։ Ես միշտ ցանկացել եմ սուպերհերոս լինել եւ սպիտակամորթ գործընկերներիս հետ նույն շարքում կանգնել։ Ես երազում էի դերերի մասին, որոնք բաժին էին ընկնում Թոմ Քրուզին։ Սկզբում ինձ նույնիսկ թվաց, թե «Ջանգոն» հենց այն ֆիլմն է, որի մասին ես երազել եմ, բայց ես չէի ցանկանում ստրկության մասին պատմությունը վերածել վրեժխնդրության մասին ֆիլմի»,- խոստովանել է դերասանը։

Դերասանը հայտնել է, որ ռեժիսոր Անտուան Ֆուկուայի «Էմանսիպացիա» ֆիլմում կկատարի փախստական ստրուկի դեր։ Գործողությունները զարգանում են քաղաքացիական պատերազմի ժամանակներում, սակայն ստրկության թեման ժապավենում կենտրոնական չի լինի։

«Պատմություն սիրո եւ ուժի մասին, որին ընդունակ են թխամորթները»,- հայտարարել է դերասանը։



© NEWS.am STYLE