17:47 28 սեպտեմբերի, 2021Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի՝ հոր խնամակալությունից ազատվելու բազմամյա պայքարի մասին արդեն իսկ մի քանի ֆիլմ է նկարահանվել, իսկ այժմ նոր հանգամանքների առնչությամբ եւս երեքն են հայտնվել։ Դրանցից մեկի պրեմիերայի ֆոնին աստղը տարօրինակ հայտարարություն է արել Ինստագրամում։ Բրիթնին երկրպագուներին հայտնել է, որ կրկին դիտել է նոր վավերագրական ֆիլմի հատվածը եւ պատմել է դրա վերաբերյալ իր հույզերի մասին։
Բրիթնին նախ բավական կտրուկ է եղել ու նշել է, որ «այդ ամենը սուտ է», հետո հեռացրել է բառերից մեկն ու գրել․ «Դա խենթություն է։ Ես մի փոքր դիտել եմ վերջին վավերագրական ֆիլմը եւ պետք է ասել, որ մի քանի անգամ փորձել եմ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ես, իսկապես, փորձում էի հեռանալ այդ դրամայից։ Առաջին հերթին, դա անցյալում է։ Երկրորդ, կարո՞ղ է երկխոսությունն ավելի լավ հնչել։ Երրորդ, նրանք օգտագործել են աշխարհում իմ ամենագեղեցիկ կադրերը։ Ինչ կարող եմ ասել․․․ Նրանք աշխատել են»։
Խոսքը վավերագրական ֆիլմի մասին է, որը The New York Times-ը թողարկել է «Hulu» սթրիմինգային ծառայության հետ։ «Վերահսկողություն Բրիթնի Սփիրսի նկատմամբ» վավերագրական ֆիլմում բացահայտվել են հոր կողմից երգչուհու նկատմամբ խնամակալության նոր մանրամասները։ Հայտնի է դարձել, որ նա հասանելիություն է ունեցել ամենին, ինչ պահվում է նրա հեռախոսում։ Նրան հասանելի են եղել բոլոր հաղորդագրությունները, FaceTime-ի զանգերը, նշումները, դիտարկիչի հիշողությունը եւ լուսանկարները։
Լուսանկարը՝ Getty Images