«Շարունակում է նորաձեւ մնալ ուժեղ կնոջ կերպարը». դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանը՝ աշնանային նորաձեւության ներկայիս փոփոխությունների մասին (ֆոտո)

12:08   29 սեպտեմբերի, 2021

2000-ականների նորաձեւությունը` կրկին թրենդի մեջ. դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանի խոսքով, սակայն, պետք չէ շտապել աշնանային զգեստապահարաններից բացառել ամառային զգեստները, չէ՞ որ, դրանք կարելի է համադրել տարատեսակ պիջակներով ու սեզոնին համապատասխան աքսեսուարներով` ստանաով աշնանային նորաձեւ կերպար: NEWS.am STYLE-ի հետ զրույցում դիզայները պատմել է` ինչպես է տարիների ընթացքում փոխվել աշնանային նորաձեւության մասին պատկերացումը ու մատնանշել թրենդային տեսք ունենալու փոքրիկ գաղտնիքները.

«Հիշում եմ, երբ դեռ դպրոցական էի, հագնվելը կարծես օրացույցով որոշվեր: Եթե արդեն օրացույցը թեքվում էր տարվա հաջորդ եղանակնին (օրինակ աշնանը), միանգամից ամառային հագուստները պահարանոմ վերադասավորվում էին հետ, իսկ տաք հագուստները` առաջ (ու ասեմ՝ դրանք այնքան հաճելի հիշողություններ են): Հիմա քիչ այլ է. օրինակ` սեպտեմբերից հոկտեմբեր հիմնականում ամառային զգեստի վրայից պարզապես վերնաշապիկ հագնելով՝ շատ թրենդային կերպար է հնարավոր ստանալ:

Օրինակ, արդեն գրեթե բազային դարձած գիշերազգեստ  հիշեցնող ատլասե զգեստի վրայից հագնել «տղամարդու զգեստապահարանից» վերցրած պիջակ, համադրել այն քիչ չափաբաժնով աքսեսուարների եւ կոպիտ կոշիկների հետ, եւ, ահա, թրենդային աշնանային կերպարը պատրաստ է: Իսկ ընդհանրապես աշնանային ստացված կերպարների համար զգեստապահարանը թարմացրեք շատ պիջակներով, էկո կաշվից գոտկատեղի վրա ավարտվող վերնահագուստով եւ, իհարկե, չմոռանանք թրենչների մասին, որն իմ կարծիքով աշնան must have-ն է (պարտադիր է)»:

Դիզայները համամաիտ չէ այն կարծիքին, թե որեւէ սեզոնին գույները կտրուկ փոխվում են, առավելեւս` դուրս են գալիս նորաձեւությունից.

«Գուցե` երանգները, բայց գույները եւ տրամաբանությունը` ոչ:  Դեռ նախորդ սեզոնին նորաձեւ կանաչը աշնանը ոչ մի տեղ չի անհետանալու եւ նորից Must Have գույն է լինելու, դեղինը ավելի մանգոյի գույն հիշեցնող երագով է շարունակելու թրենդ լինել, իսկ մորեգույնը, որն աշնան հետ ասոցացիա չունի , շարունակելու է մնալ ամենապահանջված գույներից: Այս շարքը շարունակելու է նաեւ յասամանագույնը, լազուր կապույտը: Իսկ, առհասարակ, վաղուց արդեն չկան ոչ թրենդային գույներ: Պարզապես, որոշ գույներ, երանգներ տվյալ պահին դոմինանտ են դառնում»:

Նախորդ աշնանը նորաձեւ 90-ականներից գալիս ենք դեպի 2000-ականներ` ասում է Թերեզան,-«Շարունակում է նորաձեւ մնալ ուժեղ կնոջ կերպարը՝ լայն առաջ եկած ուսեր, լայն թեւքեր,  գոտիներ… եւ, առհասարակ, տղամարդու զգեստապահարանը կնոջ ներկայացմաբ:

Անցած աշնան համեմատությամբ` էլ ավելի պիկում են լինելու գործվածքից  հագուստները, իսկ ֆակտուրաներից շարունակելու են նորաձեւ մնալ վանդակները, պուտերը, կենդանական պրինտը՝ ավելի ապստրակտ մատուցմամբ:

Չմոռանամ նշել ամենահետաքրքիր նորությունը, որն ունենք այս աշնանը՝ դա մինիի վերադարձն է «թագավորություն»:  Սակայն մատուցումը առաջվանը չի լինելու, առօրյայում՝ ոչ մի բարձրակրունկ մինիի հետ. նոր բաղադրատոմս՝ կոպիտ կոշիկներ, մուգ զուգագուլպաներ, մինի-մինի բազային զգեստ եւ երկար՝ մինչեւ կոճեր հասնող թրենչ»:

Դիզայների խոսքով` առհասարակ, որեւէ գույն կամ հագուստի տեսակ նորաձեւության վերջին ժամանակների տրամաբանությամբ չի կարող լիովին անտեսվել.

«Պարզապես «հարգի են» լինում մատուցման, ներկայացման, համադրման ձեւերը: Օրինակ, ամբողջական աղջկական կերպարները, մեղմ ասած, նորաձեւ չեն այլեւս: Շատ աղջկական զգեստը պետք է համադրել (կոտրել) ոչ աղջկական կոշիկներով, աքսեսուրաներով եւ հակառակը:

Բայց, ամեն դեպքում,  «ներս ու դուրս» ներդաշնակությունը միշտ սեփական ոճի եւ նորաձեւության համադրման, համընկեցման ինդիկատորն է, այնպես որ՝ նախ եւ առաջ լիցքավորել է պետք հենց այս  «գործիքը»»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Pinterest, Naninvintage, wheretoget.com



© NEWS.am STYLE