Հայկական երգարվեստի ինքնատիպ երանգը. Հայկոյի երաժշտությունը

15:25   29 սեպտեմբերի, 2021

Ինքնատիպ ու եզակի մի գույն, որն իր յուրաքանչյուր աշխատանքով հարստացնում էր հայկական երգարվեստի գունապնակը... Եվս մեկ երանգ այսօր մարեց հայկական մշակութում՝ թողնելով հարուստ ու հավերժ ժառանգություն...

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով, ցավոք, կյանքից հեռացավ երգիչ, երգահան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկոն (Հայկ Հակոբյան): Երգիչն ընդամենը 44 տարեկան էր:

Չնայած երիտասարդ տարիքին՝ Հայկոն ոչ միայն հասցրել է հարուստ ժառանգություն պարգեւել հայկական երգարվեստին, այլեւ՝ պատվով բարձրացնել Հայաստանի դրոշը միջազգային հեղինակավոր մրցույթներում: 1998, 1999, 2002, 2003 եւ 2006 թ-երին հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ նա ճանաչվել է «Տարվա լավագույն երգիչ»:

Հայկոն հուզել է իր ռոմանսներով, գոտեպնդել Երեւանին ու հայ ազգին նվիրված երգերով, հիացրել զգացմունքային սաունդրեքերով: Նրան են վստահվել հայկական կինոարտադրության ամենասիրված ֆիլմերից շատերի երաժշտական ձեւավորումները: Նա հեղինակել է «Մի վախեցիր», «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Հոբելյանական հաճախորդ», «Գարեգին Նժդեհ», «Վանա ծովուն արշալույսը», «Անատոլիական պատմություն» ֆիլմերի սաունդրեքերը:

2007 թ-ին Հայկոն պատվով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ 42 երկրների մեջ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:

Հայկոն վերջին օրերին գտնվում էր հիվանդանոցում: Ընկերները, երկրպագուները, ամբողջ հայ ազգն էր սպասում երգչի ինքնազգացողության բարելավման մասին լավ լուրին, սակայն ցավոք՝ հրաշքը տեղի չունեցավ...

Շնորհակալ ենք քեզ՝ քո ճաշակով երաժշտության համար, Հայկո...



© NEWS.am STYLE