Էմիլի Ռատոկովսկին հայտնի երաժիշտին մեղադրել է ոտնձգությունների մեջ

18:16   4 հոկտեմբերի, 2021

Ամերիկացի սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին իր «Իմ մարմինը» գրքում ոտնձգությունների համար մեղադրել է երաժիշտ Ռոբին Թիքին։ Մոդելի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Թիքի եւ Ֆարել Ուիլյամսի «Blurred Lines» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանումների ընթացքում։

Ռատակովսկին նշել է, որ երգիչն անսպասելիորեն գրկել է իրեն եւ ձեռքը դրել մերկ կրծքին, հայտնում է The Daily Beast-ը։ Մոդելի խոսքով՝ Թիքը հարբած տեսք ուներ, իսկ նրա գործողություններն իրեն ստիպել են նվաստացած զգալ։ Տեսահոլովակի ռեժիսոր Դիանա Մարտելը հաստատել է Ռատակովսկիի խոսքերը։

«Ես իմ ագրեսիվ բրուքլինյան ձայնով բղավեցի․ «Գրողը տանի, ի՞նչ ես անում։ Վերջ, նկարահանումն ավարտված է»»,- նրա խոսքերը մեջբերել է պարբերականը։

Էմիլի Ռատակովսկին «Blurred Lines» տեսահոլովակի նկարահանումներին մասնակցելուց հետո հայտնիություն է ձեռք բերել։ 2013թ.-ին կոմպոզիցիան 24 երկրի շքերթներում առաջին հորիզոնականներ էր զբաղեցնում։ Դրանից հետո մոդելը մասնակցել է Նյու Նորքում եւ Փարիզում նորաձության շաբաթների, ինչպես նաեւ նկարահանվել հեռուստաշոուներում եւ կինոյում։

 



© NEWS.am STYLE