Հայտնիների ու զարգացման տարբեր առաձնահատկություններ ունեցող երեխաների հետաքրքիր դուետները՝ «Կողք կողքի» փառատոնի շրջանակում (ֆոտո/վիդեո)

12:08   5 հոկտեմբերի, 2021

Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չկա հոգու թռիչք՝ վստահ են «Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնի կազմակերպիչները. երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացած գալա համերգի ընթացքում զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաները ցույց տվեցին իրենց հոգու եւ մտքի թռիչքը՝ ներկայացնելով իրենց ձեռքի աշատանքներն ու մեկ բեմում ելույթ ունենալով հայտնի հայ երաժիշտների հետ: Համերգին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Փառատոնը, որին մասնացում էին Երեւանի եւ մարզերի տարբեր վերականգնողական կենտրոնների սաները, երկրորդ տարին է իրականացվում Երեւանում: Առաջին համերգը կայացել էր 2019-ին:

«Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնի հիմնադիր-ղեկավար, երաժշտաթերապեւտ Նաիրա Սարգսյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը ոչ միայն մեծ մոտիվացիա է վերականգնողական կենտրոնների սաների համար, այլեւ՝ նրանց ձայնը լսելի դարձնելու մեծ հնարավորություն է տալիս:

«Փառատոնն ստեղծելու գաղափարն ինձ մոտ ծագեց այն ժամանակ, երբ երաժշտական թերապիայի ընթացքում հասկացա, որ երեխաներն ասելիք ունեն, բեմից կարող են ներկայանալ եւ հանրությանն ինչ-որ բան ասել իրենց կատարումով եւ երաժշտական կարողությունով: Այս փառատոնը մեծ հնարավորություն է տալիս երախաներին մեր շրջապատում ավելի ներագրավվելու, ինչն իրենց շատ է պակասում, եւ մեր հասարակության մեջ ներառական մտածողությունն է սերմանվում: Նպատակն է նաեւ մեր երեխաների համար ստեղծագործական միջավայր ստեղծելը, ինչն իրենց կրկին շատ անհրաժեշտ է»,-նշում է Նաիրան:

Փառատոնի մեկնարկը տրվել էր հոկտեմբերի 1-ին, իսկ երեկ կայացած գալա համերգի ժամանակ երեխաներին բեմում ոգեւորեցին սիրելի ատիստներն ու բենդերը՝ Լիդուշիկը, Ռուբեն Հախվերդյանը, Միքայել Ոսկանյան եւ ընկերներ բենդը, Վահագն Հայրապետյանը, «Նեմրա», «Լավ էլի», Hope for Coffee խմբերը եւ այլք: Երեկոյի հանդիսավարը բալետի արտիստ, դերասան եւ հաղորդավար Ռուբեն Մուրադանն էր:

Փառատոնը տեղի ունեցավ  ԿԳՄՍ նախարարության, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի եւ SOAR կազմակերպության հովանու ներքո:

NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել համերգին, որի հետաքրքիր դրվագները կտեսնեք մեր ֆոտո եւ վիդեո անդրադարձներում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE