COVID-19-ից մահացել է «Ծառայողական սիրավեպ» ֆիլմի դերասանուհին

18:46   11 հոկտեմբերի, 2021

77 տարեկանում մահացել է Կինոյի եւ թատրոնի խորհրդային դերասանուհին Լյուդմիլա Կուպինան։ Այդ մասին հայտնում է «Վեչերնյյա Մոսկվան»՝ վկայակոչելով նրա քրոջ՝ Տատյանա Սիդրենկոյին։

Մահվան պատճառը կորոնավիրուսային վարակն է։ Ընդ որում, Սիդորենկոն պարբերականի հետ զրույցում նշել է, որ քրոջ մահն անսպասելի է եղել եւ վաղաժամ։

«Վերջին տարիներին նա երկու երկրում էր ապրում՝ Բուլղարիայում եւ Ռուսաստանում։ Բացարձակապես առողջ էր»,- պատմել է Տատյանան։

Դերասանուհուն հրաժեշտ կտան հոկտեմբերի 12-ին Խովանսկի գերեզմանատանը։

Լյուդմիլա Կուպինան էպիզոդիկ դերեր է կատարել ավելի քան 20 ֆիլմում։ Նա մասնավորապես նկարահանվել է «Ծառայողական սիրավեպ», «Ես քեզ երբեք չեմ մոռանա» ֆիլմերում, ինչպես նաեւ «Մշտական կանչ» սերիալում։ Դերասանուհին 1968թ.-ի «Տրեմբիտա» երաժշտական կատակերգությունում կատարել է գլխավոր դերերից մեկը․ ժապավենը նկարահանել է ռեժիսոր Օլեգ Նիկոլաեւսկը։  

Լուսանկարը՝ «Տրեմբիտա»

 



© NEWS.am STYLE