Աշխարհի ամենաինքնատիպ եւ թանկարժեք իրերը. NEWS.am STYLE-ի ընտրությունը

19:15   17 հոկտեմբերի, 2013

«Աղջիկների լավագույն ընկերներն ադամանդներն են»: Իհարկե, այդ քննարկման ենթակա չէ: Սակայն երբ զարդը չափազանց արտասովոր տեսք է ընդունում, եւ չգիտես էլ՝ ի՞նչ է այն, միայն լուռ զարմանում ես: Կամ էլ՝ ոչ այնքան լուռ: NEWS.am STYLE-ի թղթակիցը պատրաստել է արտասովոր եւ երբեմն չափազանց էսցենտրիկ թանկարժեք իրերի իր ընտրանին:

 

Որոշելով զարդարել իրեն հարգող ցանկացած տնային տնտեսուհու կենցաղը, Fissler ապրանքանիշն արտադրել է 200 ադամանդով զարդարված, ոսկե բռնակներով ոսկեզօծ կաթսա:

 

Ցանկանում ենք ընթերցողների ուշադրությունը հրավիրել նաեւ աշխարհի ամենաթանկարժեք թեյի պարկիկի վրա, որն անգլիացի ոսկերիչները ստեղծել են թեյ արտադրող PG ընկերության 75-ամյակի առիթով: Այն ձեռքի աշխատանք է, զարդարված է 280 ադամանդներով եւ արժե 7.500 ֆունտ սթեռլինգ: Թեյի այս պարկիկի վաճառքից ստացված գումարը փոխանցվել է Մանչեսթերում գտնվող մանկական հիվանդանոցի կառուցման համար բացված հաշվեհամարին:

 

«Մենք զվարճանում ենք»: Դուք ճիշտ եք: Ցանկացած մանուկ կհրճվեր, եթե գոնե մեկ րոպեով մեծահասակ դառնար: Ադամանդե այս ծծակն ամենաթանկարժեքն է աշխարհում՝ 17.000 դոլար: Այն պատրաստված է սիլիկոնից, սպիտակ ոսկուց եւ զարդարված է 280 ադամանդով:

 

«Տիկնիկն առանց զարդերի տիկնիկ չէ»,- հավանաբար այսպես են մտածել  հանրահայտ Բարբի տիկնիկի հեղինակները եւ նրան ադամանդե մանյակ եւ մատանի «նվիրել»: Գրեթե բոլոր աղջիկների հիացմունքի այս առարկան արժե 302.500 դոլար:

 

Ինչպես ասում են՝ Մոխրոտ չէր էլ երազի սրա մասին: Ամեն ինչ գեղեցիկ տիկնանց համար: Մեր ցուցակի հաջորդ հորիզոնականում հանրահայտ ոսկերիչ Ստյուարտ Վայցմանի պատրաստած թափանցիկ կրունկներով ամառային կոշիկներն են՝ զարդարված 595 մանր ադամանդով, մեկ խոշոր սուտակով եւ պլատինե թելով: Այս կոշիկներն արժեն 2 միլիոն դոլար:

 

18-րդ դարում ձուլված այս պլատինե գանգը զարդարված է 8.601 ադամանդով եւ արժե 100 միլիոն դոլար: Այս, մեղմ ասած, արտասովոր իրի հեղինակը բրիտանացի նկարիչ Դեմիեն Հըրսթն է:

 

Զուգարանակոնքի՝ տեխնիկական առաջընթացի այս վկայության 100-ամյակի կապակցությամբ, 2009 թվականին ստեղծված պլատինե ադամանդապատ տարբերակի հեղինակն անգլիացի դիզայներ Ջեմալ Ռայթն է: Ահա այսպիսին է մարդկային երախտագիտությունը:

 

Մեր ցուցակի առաջատարներից մեկն էլ կանացի ներքնազգեստի Victoria’s Secret ճանաչված ապրանքանիշի կողմից ստեծված Black Diamond Miracle Bra կրծկալն է: Այն զարդարված է 3.900 թանկարժեք քարերով, իսկ կենտրոնում փայլում են 100-կարատանոց երկու սեւ ադամանդները: Այս հրաշքը ցուցադրել է մոդել Ադրիանա Լիման, իսկ այն արժե 12.5 մլն դոլար:

 

Շարունակելով կանացի կիսամերկության թեման՝ մեր ընթերցողների ուշադրությանն եք ներկայացնում 50 մլն դոլար արժողությամբ աշխարհի ամենաթանկարժեք ադամանդե բիկինին: Զարմանահրաշ այս զարդարանքի հեղինակը Մադոննայի, Գվեն Ստեֆանիի եւ Ջանեթ Ջեքսոնի կողմից չափազանց սիրված դիզայներ Սյուզան Ռոզենն է:



© NEWS.am STYLE