Զգացմունքներ ու անվերջ պայքար. ռեժիսոր Մարիամ Ղալայանի «Ոսկե ձկնիկ» ներկայացումն ու գլխավոր ասելիքը (ֆոտո)

12:34   13 հոկտեմբերի, 2021

Բեմում երկուսը՝ առանց խոսքեր, մեծ պայքար ու մի «ոսկե» ձկնիկ.  երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ՀայԱրտ մշակութային կենտրոնում կայացավ ռեժիսոր Մարիամ Ղալայանի «Ոսկե ձկնիկ» ներկայացումը, որը հանդիսատեսին ստիպեց եւս մեկ անգամ մտորել կյանքի ու մահվան նշանակությունների մասին: Առակի հեղինակը Մարինա Աբրաամովիչն է:

«Ոսկե ձկնիկ» ներկայացումը նոր ծնված մարդու մասին է, որը գերզգայուն է, անհանգիստ եւ դեռ կյանք չապրած՝ ձգտում է մեծանալ, տրանսֆորմացվել... Իր ցանկությանը հասնելու համար նա անընդհատ ձգտում է անվերջին՝ ժխտելով մահը:

«Ես երբեք շատ երկար չեմ մտածում, եւ երբ ինչ-որ հետաքրքիր միտք կամ ոգեշնչում է գալիս, սկսում եմ ընկնել փնտրտուքների մեջ: Այդ շրջանում ձկներով էի հետաքրքրված, երբ հանդիպեցի Մարինա Աբրաամովիչի ինքնակենսագրականի մեջ տեղ գտած այդ առակին ու որոշեցի ստեղծագործել դրա շուրջ: Ամբողջ ներկայացման մեջ մենք բարձրացնում ենք կյանքի ու մահվան հարցը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը: Նրա խոսքով՝ տվյալ ներկայացմամբ որոշել է ցույց տալ, որ մահից վախենալ պետք չէ.

«Առհասարակ, մարդն անընդհատ ժխտում է մահվան գաղափարը, ու եթե կյանքում անդադար ինչ-որ բաներ է անում, ցանկություններ ունի, մահը դրան չի վերաբերում, որովհետեւ մահը վերջն է, բայց դա իմ կարծիքով այդքան էլ այդպես չէ: Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր զգացողություն, իսկ այս ներկայացումը հենց զգացողությունների հիման վրա է, ինքնաճանաչողություն է  առաջ բերում: Մարդն անընդհատ անցնում է կյանքի ու մահվան ճանապարհով: Ես այս ներկայացմամբ ցանկացել եմ, որ մարդը չվախենա մահից, որովհետեւ մենք ունենք շատ վախեր, ու դրանք հաղթահարելու համար այդ վախերին պետք է դեմ հանդիման կանգնել»,-հավելեց նա:

Ներկայացման բեմանկարիչը Դանիելլա Դոնաթելլն է, հագուստի հեղինակը՝ Վարդիթեր Մուրադյանը: Գլխավոր դերերում հանդես են գալիս պարուհի Արփինե Միրզոյանը, որի կարիերայում սա առաջին նման ոճի ներկայացումն էր, ու 9-ամյա Թամարա Աթոյանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE