«Պրեմիերայի էի գնացել». Դենիել Քրեյգի կարապի երգը՝ «Մեռնելու ժամանակը չէ» (առանց  սփոյլերի)

13:11   16 հոկտեմբերի, 2021

«Մեռնելու ժամանակը չէ»-ն լեգենդար ֆրանշիզայի 25-րդ հոբելյանական ֆիլմն է, ինչպես նաեւ Դենիել Քրեյգի՝ լեգենդար Ջեյմս Բոնդի հինգերորդ ու վերջին մարմնավորումը, որտեղ մենք տեղեկանում ենք, որ Ջեյմս Բոնդը հեռանում է Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայությունում աշխատանքից և վայելում խաղաղ կյանքը Ջամայկայում։ Ամեն ինչ փոխվում է, երբ Կենտրոնական հետախուզական վարչությունից նրա վաղեմի ընկեր Ֆելիքս Լեյթերն օգնություն է խնդրում անհետ կորած գիտնականի որոնման համար։ Պարզվում է, որ գիտնականի փրկության առաջադրանքը շատ ավելի վտանգավոր է, քան Բոնդը պատկերացնում էր։ Բոնդը հայտնվում է առեղծածային չարագործի ծուղակում, որը զինված է վտանգավոր տեխնոլոգիական զենքով:

Սյուժեն չի տարբերվում էական և արմատական ​​փոփոխություններով՝ ի տարբերություն մյուս մասերի: Բոնդի արկածներին դարձյալ հաճելի ու հետաքրքիր է հետեւել: Բայց այս անգամ մելոդրամատիկ բաղադրիչը դարձել ֆրանշիզայի տարբերակիչ հատկանիշը:

Քերի Ֆուկունագան, որպես ֆիլմի ռեժիսոր, կատարյալ ընտրություն էր: Հատկապես հաջողված էր այն ցնցող և ուշագրավ ավարտը, որին արժանի էր Քրեյգի հերոսը: Ֆուկունագան հաջողությամբ է բացահայտել նույնիսկ ամենաանթափանցելի հերոսների մարդկային որակները:

Տեխնիկական տեսանկյունից ֆիլմն արժանի է գնահատանքի: Հստակ երևում է, որ բյուջեն ավելի քան արդարացված է: Օպերատրական աշխատանքը բարձունքում է. բարձրորակ եւ մանրակրկիտ նկարահանում է կատարվել:

Սաունդթրեքը հիացնում է և անտարբեր չի թողնում:

Billie Eilish «No Time To Die»  հիթի ներքո ֆիլմի բացման դրվակը շատ տպավորիչ է: Իսկ հետո Հանս Զիմերն իր երաժշտությամբ հիանալիորեն զարդարել է ֆիլմի ամբողջ ընթացքը՝ չմոռանալով Բիլլիի լեյթմոտիվի մասին:

Բնականաբար, ֆիլմում առկա են բազմաթիվ էքշն տեսարաններ, որոնք փոխարինվում են այս ժանրի համար սովորական դարձած հետապնդումներով, ծեծկռտուքով և փոխհրաձգությամբ։ Սակայն ֆիլմում կան նաեւ թրիլլերի մոտիվներ: Բայց հիմնական շեշտադրումն ու ուշադրությունը, զարմանալիորեն, ռոմանտիկ մասին է վերագրվում:

Ֆիլմի երկրորդ պլանի կերպարները, ինչպես միշտ, շքեղ են։ Իսկ Քրիստոֆ Վալցն ու Ռեյֆ Ֆայնսը յուրացնում են իրենց մասնակցությամբ յուրաքանչյուր տեսարան:

Սակայն, բնականաբար, ամենից շատ տպավորիչ է  Դենիել Քրեյգը:

Դերասանի հաջողության գրավականը հենց կերպարի անձնական տեսարաններն են, չնայած չի կարելի ասել, որ Քրեյգը գործողությունների տեսարանում տպավորիչ չէր:

Պարզապես ինտիմ դրվագներն ամենալավ են ստացվել, երբ Բոնդը ոչ թե ձեռքերն արյունով էր ներկում, այլ հույզերին ազատություն էր տալիս: Միևնույն ժամանակ, Ֆուկունագային հաջողվել է կերպարի մարդկային որկաների ողջ հմայքը համատեղել գերհզոր գործակալի կերպարի հետ:

Բնականաբար, ֆիլմում որոշ բացասական կողմեր ​​կան, որոնցից գլխավորը ֆիլմի չարագործն է:

Կենտրոնական անտագոնիստ Լյուցիֆեր Սաֆինին մարմնավորել է Ռամի Մալեկը: Նա հիմնական չարագործն է, որը երեքժամանոց ֆիլմում ունի շուրջ 30 րոպե:

Նրա անհրաժեշտությունը սյուժեում բացառապես վերջին գործողության մեջ է, մնացած ընթացքում թաքնվելով ստվերում՝ տիպիկ հանձնարարություններ տալիս իր մանկլավիկներին, որոնց էլեգանտ կերպով սպանում է գլխավոր հերոսը: Այդ իսկ պատճառով հոբելյանական Բոնդի չարագործը լուրջ չի դիտարկվում:

Իրավիճակը փրկում է միայն շքեղ Ռամի Մալեկը, որը հաճույքով խաղում է իր դերը:

«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմը Քրեյգի՝ Բոնդի մասին շարքի հիանալի եզրափակումն է: Հոբելյանը հաջողվել է և կարժանանա բազմաթիվ խանդավառ ծափահարություններին ու շատերի արցունքներին:

Հ.Գ.

Հոլիվուդն արդեն վաղուց էր փնտրում նոր կատարող 007 գործակալի դերի համար, և ներկայում կա 5 դերասանից բաղկացած ցուցակ բաղձալի պաշտոնի համար:

Թոմ Հիդլսթոն

Իդրիս Էլբա

Թոմ Հարդի

Մայքլ Ֆասբենդեր

Հենրի Կավիլ

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 

 



© NEWS.am STYLE