Անի Լոկը նոր ֆիլմում մարմնավորելու է վարձու մարդասպանի. NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցը

22:18   18 հոկտեմբերի, 2013

Անի Յորգանջյանը (Անի Լոկը) «Միսս Բիկինի-տիեզերք 2013» հայտնի եւ հեղինակավոր մրցույթից հայրենիք է վերադարձել թագով եւ Miss Personality տիտղոսով: Մինչ այդ, Անին նկարահանվել էր Նարեկ Մակարյանի «Երազանքի գրկում» յուրօրինակ եւ համարձակ տեսահոլովակում: NEWS.am STYLE-ը զրուցեց Անիի հետ այդ ամենի մասին:

Ինչպե՞ս սկսեցիր մոդելի կարիերան:

Դեռեւս 11 տարեկանից մայրս ինձ տանում էր մոդայի: Հետո ծանոթացա Individuum Casting Production-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանի հետ, ում շնորհիվ մասնակցեցի մի քանի նկարահանումների: Վերջինը Նարեկ Մակարյանի «Երազանքի գրկում» տեսահոլովակն էր:

Ի դեպ, այնտեղ բավական համարձակ տեսարաններ կային: Համենայն դեպս՝ Հայաստանի համար համարձակ: Ինչպե՞ս են դրան վերաբերվում ծնողներդ, ընկերներդ:

Ինձ այն շատ է դուր եկել: Ամեն ինչ գեղեցիկ է, կարծես ֆիլմ լինի: Ինչ վերաբերում է տեսարաններին. իմ կարծիքով, դրանք այնքան էլ համարձակ չեն: Ամեն ինչ չափի մեջ է եւ շատ գեղեցիկ:

Շատ էի մտածում, թե ինչպես կարձագանքեն ծնողներս եւ ծանոթներս: Բայց բոլորն էլ հասկանում են, որ այդ ընդամենը տեսահոլովակ է, կերպար, որը պետք է կարողանաս ներկայացնել:

Իսկ սիրելի տղամարդ ունե՞ս: Նա չի՞ խանդում:

Ոչ, դեռեւս չեմ գտել իմ երկրորդ կեսին:

Իսկ «Անի Լոկ» բեմական անունն ինչպե՞ս է առաջացել:

Այն գոյություն ունի արդեն 6 տարի է: Բոլոր ընկերներս ինձ այդպես են կոչում՝ Լոկա, որն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «խենթ»: Իսկ ես, իսպաներենը շատ սիրելով, վերջին տառը պարզապես հանեցի եւ դարձա Անի Լոկ:

Իսկ ինչպե՞ս սկսեցիր մասնակցել գեղեցկության մրցույթների:

Երկու տարի առաջ հանդիպեցի World League of Beauty and Fashion-ի հիմնադիր Աշոտ Խաչատրյանին, ում շատ եմ հարգում: Ծանոթացանք նրա կազմակերպած մանկական գեղեցկության մրցույթներից մեկի ժամանակ, իմ մանկության ընկերուհու՝ Լիլիթ Հարոյանի շնորհիվ: Հետագայում Աշոտն առաջարկեց մասնակցել միջազգային մրցույթների, ասելով, որ իմ տվյալները համապատասխանում են դրանց: Նա իմ եւ մի քանի աղջիկների լուսանկարներ ուղարկեց Չինաստանում կայանալիք «Միսս Բիկինի-տիեզերք 2013» հեղինակավոր մրցույթի կազմակերպիչներին: Մի քանի օր հետո զանգահարեց եւ ասաց, որ ինձ են ընտրել, ինչի համար ես անչափ ուրախ էի:

Մանրամասն կպատմե՞ս Չինաստանի եւ մրցույթի մասին:

Այնտեղ 3 շաբաթ եմ անցկացրել: Եղել եմ Չինաստանի 7 տարբեր քաղաքներում: Շատ գեղեցիկ վայրեր կային: Մրցույթի մասնակիցները նույնպես շատ լավն էին, ընկերասեր: Կարծես միմյանց տարիներ շարունակ ճանաչում էինք: Կազմակերպիչները նույնպես լավն էին, շատ բարեհամբյուր: Մրցույթին մասնակցության արդյունքում շահեցի «Miss Personality» կոչումը, ինչի համար անչափ ուրախ եմ: Շնորհակալ եմ Աշոտ Խաչատրյանին՝ ինձ նման հնարավորություն ընձեռնելու համար:

Առջեւում ի՞նչ ծրագրեր կան:

Որպես դերասանուհի՝ հանդես եմ գալու գեղարվեստական ֆիլմում: Այն նկարահանում է «North Hollywood Casting Study»-ն, որի պրոդյուսերը իմ լավ ընկեր Վիկն է: Այն գեղարվեստական ֆիլմ է, որը կոչվում է «Հատուցում»: Հանդես եմ գալու վարձու մարդասպանի դերում: Պրեմիերան նախանշված է դեկտեմբերին, Կանադայում: Կարծում եմ՝ կմեկնեմ այնտեղ:

Բացի այդ, Հայաստանը ներկայացնելու եմ հեղինակավոր Bride of the World-2013 մրցույթին, որն անցկացվելու է նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 17-ը, Թայվանում:

Ո՞րն է քո գեղեցկության գաղտնիքը:

Շատ աշխատասեր եմ: Կարծում եմ՝ ճիշտ է ասված, որ աշխատասիրությունը գեղեցկացնում է կնոջը: 16 տարեկանից համատեղել եմ ուսումն եւ աշխատանքը: Իմ կարծիքով, ավելի լավ է հոգնել աշխատանքից, քան անգործությունից:

Զրուցեց Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE