Սոբչակի մասնակցությամբ մահացու ավտովթարի նոր մանրամասներ են հայտնվել

22:11   21 հոկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը Սոչիում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ, որի հետեւանքով մարդ է մահացել, չի շփվել վարորդի հետ, այլ խոսել է Zoom-ով՝ հեռախոսի օգնությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։

«Վթարի պահին Սոբչակը նստած է եղել մեքենայի հետեւի նստարանին եւ բջջային հեռախոսի օգնությամբ խոսել է Zoom-ով, նա քննարկել է հարցազրույցներից մեկը։ Վարորդի հետ նա այդ ժամանակ չի շփվել», - ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Ադլեր-Կրասնայա Պոլյանա ճանապարհի 38-րդ կմ-ին։ Մերսեդեսի վարորդը, ինչպես պնդում են ականատեսները, վազանց է կատարել, դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել է Volkswagen Polo-ին, այնպես որ վերջինս հետ է շպրտել երթեւեկող միկրոավտոբուսին: Վթարված մեքենայի սրահում երեք մարդ է եղել, ուղեւորներից մեկը՝ Մոսկվայի մարզի 35-ամյա բնակչուհին մահացել է։



© NEWS.am STYLE