«Ոչնչացնելու մտադրություն»․ Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը ռուս-ամերիկյան փառատոնի ընթացքում մրցանակի է արժանացել

13:01   26 հոկտեմբերի, 2021

Հայտնի ռեժիսոր Ջո Բերլինգերի՝ Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրություն»  ֆիլմը Նյու Յորքում վավերագրական կինոյի «RUSDOCFILMFEST» ռուս-ամերիկյան 14-րդ անկախ փառատոնի ընթացքում ստացել է «Հումանիզմը ժամանակակից աշխարհում» մրցանակը, հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։

Փառատոնի մրցութային ծրագրում ներառված էին ֆիլմեր Հայաստանից, Բուլղարիայից, Չիլիից, Վրաստանից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ ԱՄՆ-ից։ Բոլոր եվրոպական ժապավեններն ԱՄՆ-ում ցուցադրվել են առաջին անգամ։

«Ֆիլմում պատմաբանները, գիտնականները եւ անվանի կինեմատոգրաֆիստները հեղինակի հետ մտածում են այն մասին՝ ինչ պատճառներ են հանգեցրել այդ հրեշավոր ողբերգությանը... Ինչու ցեղասպանության վկայությունները մինչեւ այժմ ստիպված են պայքարել ուսումնասիրված եւ լսված լինելու իրավունքի համար, եւ ինչպես են այդ իրադարձություններն ազդել ազգերի մասսայական ոչնչացման մյուս պատմությունների վրա ХХ դարում»,- ասվում է ֆիլմի համառոտ բնութագրում։

Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը 2018թ.-ի հուլիսին վավերագրական ֆիլմը ներկայացրել էր Վաշինգտոնում անցկացվող «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնին, ավելի վաղ նշել էր, որ ֆիլմը պարտադիր պետք է հաղթի։ «Այս ֆիլմն արժանի է սեպտեմբերին «Էմմի» հաղթանակի ոչ միայն որպես հրաշալի պատմություն, այլեւ այն պատճառով, որ ուժեղ հարված է ցեղասպանության ժխտմանը,- հավելել էր Համբարյանը։



© NEWS.am STYLE