«Արցախի մասին պատմողը». Վաշինգտոնում տեղի է ունեցել Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան

14:39   27 հոկտեմբերի, 2021

Վաշինգտոնում տեղի է ունեցել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է 2016թ․-ի ապրիլյան իրադարձությունների մասին։

Ամերիկայի հայ ազգային կոմիտեն հայտնում է, որ ռեժիսորը եւ սցենարիստ Նարինե Ոսկանյանը երեք օր տեւած արշավի ընթացքում ներկայացրել են Արցախի պայքարի պատմությունը։

Ավետիսյանը խոսել է 2020թ․-ի արցախյան պատերազմի հետեւանքով հայ կինոարտադրողների դերի կարեւորության մասին։ Մինչեւ 2020թ․-ը, ստեղծելով իր երեք ֆիլմերը՝ «Թեւանիկ», «Վերջին բնակիչը» եւ «Դրախտի դարպասը», Ավետիսյանն ու նրա թիմը ձգտել են Արցախի պատմությունը ներկայացնել աշխարհին։ Ռեժիսորը նշել է՝ այժմ հայերի համար առավել կարեւոր է դարձել ներկայացնել իրենց պատմությունը՝ ճշմարտության պատմությունը։ Այդ նպատակով Ավետիսյանը խոսել է նոր ֆիլմերի նախագծերի մասին, որոնց վրա իր թիմն աշխատում է, ներառյալ «Վերածնվածը»․ այն Ջիվան Ավետիսյանի կողմից արված իրական կադրեր կներառի, որոնք պատկերում են ադրբեջանա-թուրքական հարձակումները։

Նշենք, որ Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի իրադարձությունները զարգանում են 2016թ.-ի ապրիլին։ Գերմանացի հայտնի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ 22 տարվա զինադադարից հետո կրկին բռնկված պատերազմի իրադարձությունները լուսաբանելու համար։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյայի հետ, նրանք սիրահարվում են։ Սակայն շուտով նա իմանում է՝ ով է Սոֆյան։ 



© NEWS.am STYLE