«Օտար երկրում անհրաժեշտ է միշտ խոսել մեր մշակույթի մասին». նկարչուհի Լուսինե Սահակյանը՝ Իսրայելում հայկական բրենդի շապիկների տարածման ու իրեն ոգեշնչող պապիկի մասին

18:25   27 հոկտեմբերի, 2021

Նկարչուհի Լուսինե Սահակյանն արդեն 11 տարի է՝ ապրում է Իսրայելում՝ Հայֆա քաղաքում: Չնայած հայրենիքից երկարատեւ բացակայությանը՝ Հայաստանը Լուսինեի աշատանքներում եւ մտքում միշտ ներկա է: Նկարչուհին մայրիկի՝ Ժաննա Ղամբարյանի հետ այնտեղ հիմնել է Janlussidecor բրենդը, որը ներկայացնում է հայկական զարդանախշերով հագուստ:

NEWS.am STYLE-ը Լուսինե Սահակյանի հետ զրուցել է իր գործունեության ու Հայաստանից հեռու արմատներին հավատարիմ մնալու մասին:

Լուսինեն հայտնի քանդակագործ, գեղանկարիչ Սահակ Սահակյանյի թոռնուհին է. ասում է՝ իր գործունեության վրա պապիկի արվեստը մեծ հետք է թողել:

«Նկարիչների ընտանիքում մեծանալով՝ ես մանկուց եմ ստեղծագործել: Հայրս եւ մայրս ինձ միշտ ոգեշնչել են իրենց աշխատանքներով, սակայն ինձ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է պապիկս՝ Սահակ Սահակյանը: Նա Հայաստանը ներկայացրել է ավելի, քան 29 երկրում՝ նվաճելով 3-4 ոսկե մեդալ: Նա միակն է, որ քանդակել է «Սասունցի Դավիթ» թեմայով տասնյակ աշխատանքներ, եւ նրա գործունեությունն, իսկապես, ոգեշնչող է»,-պատմում է Լուսինեն՝ հավելելով, որ հայրիկի հետ առաջիկա նպատակներից է Երեւանում Սահակ Սահակյանի աշխատանքներին նվիրված թանգարան բացելը:

«Ես ամեն տարի պարտադիր գալիս եմ Երեւան, եւ նպատակ ունենք մշտական բնակություն հաստատել այդտեղ, քանի որ Երեւանում ունենք հոգեւոր մեծ ժառանգություն՝ պապիկիս աշխատանքները: Հայրիկիս հետ մտադիր ենք բացել թանգարան, որտեղ էլ դրանք ներկայացված կլինեն: Թանգարանը, գրեթե, պատրաստ է, մնում է միայն, որ այն պաշտոնապես ճանաչվի, որպես թանգարան եւ բացվի: Ստեփանավանում պապիկիս նվիրված թանգարան արդեն կա, եւ հույս ունենք, որ մեր պետության աջակցությամբ կկարողանանք բացել նաեւ Երեւանում: Այն կգործի Շենգավիթ վարչական շրջանում, եւ կնպաստի նաեւ այդ շրջանի մշակութային զարգացմանը՝ կոտրելով Երրորդ մասի մասին կարծրատիպերը»:

Անդրադառնալով Janlussidecor  բրենդին՝ Լուսինեն նշեց.

«Մայրս նկարչուհի եւ հագուստի մոդելավորող է, բրենդի մտահաղացումը նրանն է, ես օգնում եմ դիզայներական լուծումներով: Մեր լոգոն նռան տեսքով է, դա եւս մայրիկիս մտահաղացումն էր: Փորձեցինք այն մտցնել հագուստի դիզայնի մեջ, եւ այդ լուծումը սիրվեց մարդկանց կողմից: Ի դեպ, Իսրայելում, նույնպես, նուռը խորհրդանշական պտուղ է, այդպիսով՝ մեր բրենդը սիրվեց նաեւ այստեղ»:

Նկարչուհին չի կարողանում անտարբեր մնալ Հայաստանում կատարվող իրադարձություններին: Այս նպատակով Janlussidecor բրենդը հաճախ է հանդես գալիս բարեգործական նախաձեռնություններով.

«Երեւանում մայրս շապիկներ նվիրաբերեց առողջական խնդիրներ ունեցող մի շարք երեխաների, իսկ պատերազմի օրերին վաճառված շապիկների հասույթի մեծ մասը մենք տրամադրեցինք զոհված զինվորների ընտանիքներից մի քանիսին»:

Լուսինեն կարեւորում է իր աշխատանքներում հայրենիքի շեշտադրությունը, ասում է՝ հատկապես օտար երկրում անհրաժեշտ է մշտապես խոսել Հայաստանի ու մեր մշակույթի մասին՝ փորձելով դա փոխանցել օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին եւ ծանոթացնել տեղացիներին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE