Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը թագուհու առողջական վիճակի պատճառով Սուրբ ծնունդը Մեծ Բրիտանիայում կանցկացնեն

19:19   29 հոկտեմբերի, 2021

Անցած շաբաթ բրիտանացիները հետեւում էին թագուհու մասին լուրերին։ Հինգշաբթի օրը Եղիսաբեթ Երկրորդին հոսպիտալացրել էին, սակայն մեկ օր անց նա կրկին վերադարձել է Վինձորյան պալատ։ Հիմա արդեն նրան արգելված է սիրելի շների հետ զբոսնել փողոցում։ Թագավորական ընտանիքի անդամները լրջորեն անհանգստացել են, իսկ արքայազն Հարին, որը Մեգան Մարքլի եւ իրենց երկու երեխաների հետ ապրում է Կալիֆոռնիայում, ծրագրում է Սուրբ ծնունդին Մեծ Բրիտանիա մեկնել։

Սասեքսի դուքսերը ցանկանում են աջակցել թագուհուն, ինչպես նաեւ նրան ծանոթացնել փոքրիկ Լիլիբեթի հետ։ Զույգի դուստրը լույս աշխարհ է եկել այս ամռանը, եւ ըստ աղբյուրների տեղեկությունների՝ Եղիսաբեթ Երկրորդն այդպես էլ չի կարողացել տեսնել նույնիսկ նորածին թոռան լուսանկարը։

Թագուհու հոսպիտալացումը Հարիին «խուճապային վիճակի» է հասցրել։ Բայցի այդ՝ աղբյուրները հայտնում են, որ արքայազնն իրեն անօգնական է զգում՝ գտնվելով Մոնթեստիոյում՝ 5000 մղոն հեռավորության վրա։ Սակայն թագավորական պալատի ներկայացուցիչները առայժմ հավանություն չեն տվել Հարիին եւ Մեգանին հրավիրելուն միապետի հետ նշելու Սուրբ ծնունդը։

«Այժմ քննարկվում է հարցը՝ արդյոք արժե Մեգանին եւ Հարիին հրավեր ուղարկել, երբ նրանք նախորդ տարի մերժել են հրավերը»,- հայտնել է աղբյուրը։ Բացի այդ՝ կենսագիր Անջելա Լեւինը հայտարարել է, որ միապետական ընտանիքը դեռ խնդիրներ ունի Մեգանին եւ Հարիին վստահելու հարցում, հատկապես երբ արքայազնը ցանկություն է հայտնել հուշագրություններ հրատարակել Բուքինգհեմյան պալատում կյանքի մասին։

Աղբյուրը՝ Mainstyles



© NEWS.am STYLE