Ավելի վատ չի կարող լինել. պատմության ընթացքում 10 ամենավատ ֆիլմերը

13:15   4 նոյեմբերի, 2021

NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում կինեմատոգրաֆի ողջ պատմության ընթացքում ամենավատ ֆիլմերի թոփ տասնյակը:

10-րդ տեղ. «Այդքան տարբեր երկվորյակներ»

2011թ․-ին թողարկված ֆիլմ՝ Ադամ Սենդլերի գլխավորությամբ, որը վերջնական  թաղեց երբեմնի մեգահաջողակ կոմիկ-դերասանի կարիերան (Սենդլերը միայն վերջերս կարողացավ դուրս գալ ստեղծագործական ճգնաժամից)։

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է գլխավոր հերոս Ջեքին Երախտագիտության օրը հյուր գալիս  նրա երկվորյակ քույր Ջիլը։

Ֆիլմն այնքան վատն էր, որ «Ոսկե ազնվամորի» հակամրցանակաբաշխության բոլոր 10 անվանակարգերում հաղթող է ճանաչվել:

Մինչև հիմա տանջում է միայն մեկ հարց. աբսուրդի այդ բալագանում ի՞նչ էր կորցրել Ալ Պաչինոն։

9-րդ տեղ. «Դիմակի Որդին»

2005 թվականին արտադրված այս ֆիլմը «Դիմակ» կատակերգության շարունակությունն է, որտեղ փայլում էր Ջիմ Քերին։

Մեկ տասնամյակ անց լեգենդար Լոկի Դիմակն ընկնում է ծաղրանկարիչ Թիմ Էյվերիի ձեռքը, որի նորածին որդին գերբնական ուժեր ունի։ Խնդիրներն առաջանում են, երբ ինքը՝ Լոկին՝ չարության աստվածը, սկսում է կախարդական Դիմակի որոնումը։

Դերասանների սխալ ներկայացումներով լի տոտալ ֆիասկո, ֆրանշիզան ճիշտ կիրառելու համար երևակայության բացակայություն. այս ամենը, փաստորեն, հանգեցրեց նման ձախողման:

«Դիմակը» կատակերգությունը հիմնված էր սև հումորի, հեգնական սցենարի, ինչպես նաև Ջիմ Քերիի խելահեղ տաղանդի և խարիզմայի վրա։ Իսկ այստեղ որոշեցին նկարահանել ընտանեկան կատակերգություն՝ այն  համեմելով  մի պտղունց սյուրռեալիզմով, բայց չհաշվարկեցին, որ դա չի հետաքրքրի ո՛չ  երեխաներին, ո՛չ մեծերին:

Իսկ հրեշավոր գրաֆիկայի և անիմացիայի մասին  նախընտրում եմ լռել: Միայն կավելացնեմ, որ այս ֆիլմի թողարկումից մի քանի տարի առաջ թողարկվել էր «Մատանիների տիրակալը», որը մինչ այսօր գրաֆիկական առումով ոչ մի կերպ չի զիջում ժամանակակից բլոկբաստերներին։

8-րդ տեղ. «Ճակատամարտի վայրը՝ Երկիր»

2000թ.թողարկված այս ֆիլմը Ռոն Հաբարդի (Սայենթոլոգիայի եկեղեցու հիմնադիր) գիտաֆանտաստիկ վեպի էկրանավորումն է՝ Ջոն Տրավոլտայի գլխավոր դերակատարմամբ։

Ֆիլմը պատմում է հեռավոր ապագայի մասին։ Սայկլոսների այլմոլորակայինների ռասան ստրկացնում է մարդկանց և իրենց հեռավոր աշխարհի համար Երկիրը հումք դարձնում: Բայց մի օր, տիրանալով այլմոլորակայինների զենքերին և տեխնոլոգիաներին, մարդիկ ընդվզում են։

Ամենաթանկարժեք (իր ժամանակի) ֆիլմերից մեկը, որը չարաչար ձախողվեց կինովարձույթում։ 

Այն «Ոսկե ազնվամորու» ռեկորդակիրն էր մինչ «Այդքան տարբեր երկվորյակներ» ֆիլմը։ Վատ սցենար, օպերատրական աշխատանք, վիզուալ և դերասանական խաղ. սրանք են ֆիասկոյի պատճառներից  մի քանիսը:

Ֆիլմը մինչ օրս «հպարտորեն» կրում է բոլոր ժամանակների ամենաթերի գիտաֆանտաստիկ ֆիլմի տիտղոսը։

7-րդ տեղ. «Հովարդ Բադ»

Այդ հիմա է, որ  MARVEL-ի բրենդը անպարտելի է, բայց 1986 թվականին Marvel կոմիքսների հերոս Հովարդ Բադի էկրանավորումն  աղետ էր «Աստղային պատերազմների» հոր՝ Ջորջ Լուկասի համար, որը այս «գլուխգործոցի» պրոդյուսերն էր:

Ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես է գիտնականների փորձերի շնորհիվ Հովարդ անունով մարդանման բադը տելեպորտացվում Երկիր մոլորակ։

Ֆիլմը լավ սև կատակերգություն դառնալու հնարավորություն ուներ, ինչպիսին ապագայում դարձավ «Երրորդ հավելյալը»։ Այնուամենայնիվ, պատկերը ձախողվեց. պարզ չէր, թե ում համար է նկարահանվել այս ժապավենը՝ երեխաների՞, թե՞ մեծահասակների համար:

6-րդ տեղ. «Կոտրել բլոգերներին»

2016 թվականի ֆիլմը պատմում է, թե ինչպես են բլոգերներ Իվանգաjին, Մարյանա Ռոնը և Սաշա Սփիլբերգը կոտրվել անհայտ վիրուսի կողմից և վերածվել իրենց անիմացիոն կրկնօրինակների։

Ֆիլմը ֆինանսավորել է «Կինո հիմնադրամը», որը հետագայում ժապավենը պիտի կոչեր անհաջող փորձ։

Ֆիլմը ոչ մի բանի մասին է, լիովին անիմաստ է, չունի  որևէ առողջ սցենար և արտադրություն:

Դիտելու փոխարեն խորհուրդ ենք տալիս ներառել այս «հնարամիտ» ստեղծագործության Badcomedian-ի ակնարկը:

Շարունակելի…

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE