Մեթյու ՄքՔոնահին նշում է 52-ամյակը. զավեշտից մինչեւ սարսափ՝ դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

17:45   4 նոյեմբերի, 2021

Ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Մեթյու ՄքՔոնահին այսօր՝ նոյեմբերի 4-ին, նշում է ծննդյան 52-ամյակը: Իր դերասանական կարիերան ՄքՔոնահին սկսել է երկրորդական դերերով՝ 2000-ականներին դառնալով ռոմանտիկ կատակերգությունների ամենապահանջված աստղերից: Սակայն կատակերգությունը միակ ժանրը չէ, որում փայլում է դերասանը: NEWS.am STYLE-ը վերհիշել է ՄքՔոնահիի մասնակցության 5 հետաքրքիր ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել այսօր երեկոյան:

«Ինչպես կորցնել տղամարդուն տասը օրում»/How To Lose A Guy in 10 Days

Ֆիլմի գլխավոր հերոսները Բենջամինն ու Էնդին են: Բենջամինը գովազդային գործակալ է, որը գրազ է գալիս աշխատակիցների հետ, որ ընդամենը տասը օրում կկարողանա գրավել անծանոթ աղջկան՝ ստիպելով մինչեւ ականջները սիրահարվել իրեն: Էնդին լրագրողուհի է, որը տասը օրում պետք է հոդված պատրաստի այն մասին, թե ինչպես աղջիկները կարող են տասը օրում ազատվել այն տղամարդուց, որն իրենց այլեւս դուր չի գալիս: Դրա համար Էնդին որոշում է գայթակղել անծանոթ մի տղամարդու եւ իր «փորձարկումը» կատարել հենց նրա հետ: Պատկերացրեք, թե ինչ է կատարվում, երբ Բենջամինն ու Էնդին պատահական հանդիպում են միջոցառուներից մեկի ժամանակ…

«Դալասի գնորդների ակումբը»/Dallas Buyers Club

Ֆիլմը տեխասցի էլեկտրիկ Ռոն Վուդրուֆի իրական պատմությունն է. նրա մոտ 1985 թ-ին ՁԻԱՀ է հայտնաբերվում: Բժիշկների կանխատեսմամբ՝ նրան ընդամենը 30 օր էր մնացել ապրելու, բայց Ռոնը չի  համակերպվում նման ախտորոշման հետ՝ փորձելով կյանքը երկարացնել ոչ ավանդական միջոցներով...

«Միջաստղային ճամփորդություն»/Interstellar

Գիտաֆանտաստիկ ժանրի այս ֆիլմը պատմում է մարդկության համար դժվար ժամանակաշրջանի մասին, երբ հրդեհները դառնում են հաճախակի՝ վնասելով բերքը, ինչը անմիջական սպառնալիք է հանդիսանում նաեւ մարդկանց կյանքի համար: Գիտնականները գալիս են այն եզրակացության, որ աշխարհը հնարավոր չէ փրկել, բայց հնարավոր է լքել այն: Կյանքի համար նոր մոլորակ գտնելու համար հավաքվում է հետազոտողների խումբ, որի անդամներից է նաեւ հմուտ օդաչու Կուպերը: Նրա նպատակն է իր երեխաների կյանքը փրկելը, ու նա պատրաստ է ամեն ինչ անել հետ վերադառնալու համար:

«Հարսանիքի կազմակերպիչը»/The Wedding Planner

Սա ՄքՔոնահիի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից է: Դերասանի խաղընկերուհին Ջենիֆեր Լոպեսն է, որը մարմնավորում է հարսանիքի կազմակերպչին՝ Մերիին: Նա օգնում է զույգերին գեղեցիկ դարձնել իրենց հարսանեկան տոնը, սակայն ինքը՝ հերոսուհին, անձնական կյանքում այնքան էլ հաջողակ չէ: Սիրո մասին նրա պատկերացումները փոխվում են հմայիչ Սթիվին հանդիպելուց հետո, սակայն ավելի ուշ պարզվում է, որ Մերին ստիպված է կազմակերպել հենց Սթիվի հարսանիքը:

«Գայթակղության ծովը»/Serenity

Բեյքեր Դիլը ձկնորս է, որի կյանքի մեծ մասն անցնում է ծովում: Նրա խաղաղությունն ընդհատվում է, երբ մի օր հայտնվում է նրա նախկին կինը՝ Քարենը, ու խնդրում, որ փրկի իրեն իր ներկայիս ամուսնուց, որը ոտնձգություններ է կատարում իր եւ իրենց որդու նկատմամբ: Քարենը ցանկանում է, որ Բեյքերն իր ամուսնուն ձկնորսության տանի, այնուհետեւ դուրս գցի նավից բաց ծով: Այդպիսով, ֆիլմի հերոսը տառապում է ճիշտ եւ սխալ ընտրության արանքում:

Լուսանկարը՝ Eric Ray Davidson/Trunk Archive



© NEWS.am STYLE