Ինչպես ճիշտ ընտրել դեմքի քսուք

19:44   6 նոյեմբերի, 2021

Կոսմետիկ միջոցների համար խանութ գնալով՝ բախվում ենք խնդրի, որ յուրաքանչյուր տուփի վրա գրված է, թե որ տիպի մաշկի համար է այս կամ այն միջոցը: Առաջին հերթին որոշեք ձեր մաշկի տեսակը, նոր միայն քսուք ընտրեք:

Ճիշտ քսուք ընտրելու համար նախ պետք է պարզել, թե ինչ տեսակի մաշկ ունեք. չոր, յուղոտ, նորմալ, թե՝ խառը: Միայն դրանից հետո կարող ենք անցնել կրեմի ընտրությանը:

Չոր մաշկին անհրաժեշտ է գերպաշտպանություն, հատկապես ձմռանը: Ընտրեք սնուցող եւ պաշտպանիչ միջոցներ, որոնց վրա գրված կլինի «չոր եւ զգայուն մաշկի համար»: Դրանց մեջ հիպերալերգեններ չկան, որոնք կարող են գրգռել ձեր մաշկը եւ բացասական ազդեցություն ունենալ դրա տեսքի եւ առողջության վրա:

Յուղոտ մաշկի համար քսուք ընտրելիս հետեւեք, որ այն յուղեր չպարունակի: Առանց այդ էլ ձեր մաշկն ավելորդ յուղ է արտադրում, իսկ յուղեր պարունակող կրեմը կփակի ծակոտիները եւ կնպաստի բորբոքվելուն ու բշտիկների առաջացմանը:

Խառը մաշկի դեպքում չի կարելի յուղոտ քսուք օգտագործել Т-աձեւ հատվածի վրա, իսկ նորմալ մաշկի պարագայում կարող եք վերցնել «նորմալ մաշկի համար» գրությամբ ցանկացած քսուք:

Ընդհանրապես ընտրությունը շատ անհատական է: Ճիշտ խորհորդներ կարելի է տալ միայն ձեր մաշկի առանձնահատկություններն ուսումնասիրելուց հետո: Այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս դիմել մասնագետի:

Ամեն դեպքում, եթե այս տարբերակը ձեզ հարմար չէ, ապա կարող եք վստահել խանութի վաճառողուհուն կամ գնալ դեղատուն, որը, իմ կարծիքով, ավելի անվտանգ է: Դեղատան աշխատակիցները բժշկական կրթություն ունեն, իսկ եթե այնտեղ կոսմետիկ միջոցներ վաճառում են (ինչպես շատ դեղատներում), նրանց պարտականությունն է նաեւ անվճար խորհրդատվություն տրամադրել եւ օգնել կրեմի ընտրության հարցում:

Եվ վերջում՝ եւս մեկ խորհուրդ: Եթե ձմռան համար մաշկի խնամքի միջոց եք ընտրում, հետեւեք, որ այն ձիթապտղի կամ նուշի յուղ պարունակի: Դրանք շատ լավ սնուցում են մաշկը եւ պաշտպանիչ շերտ են առաջացնում: Եթե բաղադրության մեջ կա լանոլին, մի շտապեք գնել այն: Այս նյութը շատ լավ փափկեցնում է մաշկը, սակայն կարող է մազակալում առաջացնել: Նման հարցերում ավելի լավ է ռիսկի չդիմել:



© NEWS.am STYLE