Պարանոցի եւ դեկոլտեի հատվածի խնամք

18:14   13 նոյեմբերի, 2021

Խնամված կինը չի կարող տգեղ լինել: Բնականաբար, մեր բնական գեղեցկությունը խոցելի է եւ մշտական ուշադրություն է պահանջում: Կարեւոր է ոչ միայն կազմվածքին հետեւելը, այլեւ վարսերի, մարմնի, դեմքի, ձեռքերի խնամքը:

Շատ կանայք, երիտասարդությունը պահպանելու համար հնարավոր եւ անհնար ամեն ինչ անելով, մոռանում են պարանոցի եւ դեկոլտեի հատվածի խնամքի մասին: 

Պարանոցի եւ դեկոլտեի հատվածի խնամքի համար սնուցող դիմակներ են հարկավոր: Խորհուրդ եմ տալիս դրանք օգտագործել նվազագույնը շաբաթական մեկ անգամ, իսկ հնարավորության դեպքում՝ ավելի հաճախ: Ահա սնուցող դիմակի մի քանի բաղադրատոմս:

Նարինջով դիմակ – Նարինջը մաքրել եւ տրորել այնքան, մինչեւ ստացվի շիլայանման զանգված: Այն քսել պարանոցին եւ դեկոլտեի հատվածին: 15 րոպե անց գոլ ջրով լվանալ եւ մաշկին կրեմ քսել: Այս դիմակը մաշկը հարստացնում է C վիտամինով, առողջ եւ փայլուն տեսք հաղորդում:

Բանանով դիմակ – Մեկ բանանը տրորել, ստացված շիլայանման զանգվածին ավելացնել 5 կաթիլ նուշի յուղ, հաստ շերտով քսել պարանոցին եւ դեկոլտեի հատվածին: 20 րոպե անց գոլ ջրով լվանալ եւ մաշկին կրեմ քսել:

Կաթնային դիմակ – 4 ճաշի գդալ մաղադանոսին ավելացնել 1 բաժակ տաք կաթ: Անձեռոցիկը թրջել սառած զանգվածի մեջ եւ 15 րոպե թողնել պարանոցին: Այս դիմակը մաքրելու կարիք չկա, թողեք, որ չորանա բնական ճանապարհով: Սա երիտասարդացնող կախարդական միջոց է:



© NEWS.am STYLE