Աստղի բացում եւ ցուցահանդես` նվիրված անվանի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի 80-ամյակին (ֆոտո)

12:25   6 նոյեմբերի, 2021

Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ երեկ՝ նոյեմբերի 5-ին, «Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեց անվանի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ցավով է նշում, որ հանրահայտ օպերատորի աստղը բացվել է հետմահու` նրա հոբելյանական տարին նշանավորելու համար:

«Եթե, պարզապես, հիշատակի աստղ չէ, այլ կապված է տվյալ տարվա ընթացքում մեծություններից մեկի` կյանքից հեռանալու հետ, մեզ համար, անխոս, դա շատ տխուր փաստ է լինում, եւ մենք չենք ցանկանում, որ այդ տրամաբանությունից ելնելով այս պուրակն ընդլայնվի, բայց, ցավոք, շատ կորուստներ ունեցանք` ոչ միայն կինոյի ասպարեզում, այլեւ` առհասարակ: Վաթինյանն ընդհանուր կինոոլորտում կարեւոր դեր ուներ, եւ նրա մահը ծանր կորուստ էր ամբողջ դաշտի համար»,-իր խոսքում նշեց Ավետիսյանը:

Աստղի բացման արարողությանը հաջորդեց Ռուդոլֆ Վաթինյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Վերջին արդիները. Ռուդոլֆ Վաթինյան ֆոտո-դիմանկարները՝ 1960-80թթ» ցուցահանդեսը, որը բացվեց Միրզոյան գրադարանի ցուցասրահում:

«Սա հարգանքի տուրք է մի մարդու, որը երկար տարիներ աշխատել է Հայաստանի կինոգործիչների միությունում եւ որն, առհասարակ, մեծ ներդրում ունի հայկական կինոյում»,- հավելեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը:

Ռուդոլֆ Վաթինյանը ճանաչված հայ լուսանկարիչ եւ կինոօպերատոր էր, որն աշխատել է այնպիսի անվանի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ալբերտ Մկրտչյանը, Վիգեն Չալդրանյանը, Յուրի Երզնկյանը, Կարեն Գեւորգյանը եւ այլք:

Վաթինյանն ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտը: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղարը: Ճանաչվել է լավագույն օպերատոր, մրցանակների է արժանացել «Սիրով եւ երախտագիտությամբ», «Օգոստոս», «Տեր ողորմյա» ֆիլմերի համար: Հայտնի է նաեւ «Խաթաբալա», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս» եւ այլ սիրված նախագծերում իր աշխատանքով:

Ռուդոլֆ Վաթինյանը կյանքից հեռացել է 2021 թ-ի հունվարին՝ 79 տարեկանում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE