«Իմ համերգը համախմբվելու կոչ է՝ ուղղված համայն հայությանը». Մարիամ Մերաբովա

17:35   8 նոյեմբերի, 2021

Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան «Միրայֆ» նախագծի եւ ջազային-էստրադային խմբի ուղեկցությամբ նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Գրիր ինձ ...» խորագիրը կրող յուրօրինակ համերգով: Մերաբովայի հետ ելույթ կունենա նաեւ տաղանդավոր երգիչ, երգահան Նոդար Ռեւիան, որը հայտնի է հանդիսատեսին ռուսաստանյան հայտնի հեռուստանախագծերից, «MUZ-TV» ամենամյա մրցանակաբաշխության դափնեկիր է։ Նրա երգերը համեմված են վրացական բույրով, առանձնահատուկ սրտառուչ զգայունությամբ եւ կատարողական վառ անհատականությամբ։

Մերաբովան նշվում է. «Հայրենիքում ունեցած յուրաքանչյուր համերգ ինձ համար երջանկություն է, ես սրտի թրթիռով եմ սպասում այդ համերգներին: Ինչ վերաբերում է այս համերգին, սա մեծամասշտաբ մենահամերգն է ֆիլհարմոնիայի բեմում՝ առաջին անգամ առանց ամուսնուս՝ Արմեն Մերաբովի: Մինչ այս մենք բազմիցս հանդես ենք եկել այս հրաշալի ու պատմական բեմի վրա՝ ձեռք ձեռքի տված: Բայց իմ անձնական կորուստն ինձ չընկղմեց վշտի մեջ, որովհետեւ որպես հավատացյալ մարդ՝ ես հավատում եմ հավերժական կյանքի ու հավերժական սիրո գոյությանը: Ինձ հետ է նրա երաժշտությունը, որը շարունակում է հնչել, ինչը նշանակում է, որ ամեն դեպքում ես Արմենի հետ եմ, մենք բեմի վրա ենք»:

«Ես գալիս եմ իմ հայրենիք ամենածանր ժամանակահատվածում: Չեմ կարող ասել, թե պատերազմն ավարտվել է: Իրավիճակն ինձ համար հրեշավոր է, հանցավոր: Եվ ձևացնել, թե պատերազմն ավարտվել է, թե պետք է կատարվածի մասին արագ մոռանալ, հապշտապ ջնջել հիշողությունից կամ հրաժարվել ինչ-որ բաներից, ես չեմ պատրաստվում: Այն ինձ խորապես խոցում է՝ իբրև հայուհու: Ես նույնքան ծանր եմ տանում Ղարաբաղի հայերի վիշտը, որքան որ ծանր կտանեի ցանկացած այլ ժողովրդինը, եթե նրան վիճակվեր նման ճակատագիր: Դժբախտությունը պիտի համախմբի հայերին, ոչ թե մասնատի: Իմ համերգը համախմբվելու կոչ է՝ ուղղված համայն հայությանը»,- նշել է նա։  

«Գրիր ինձ»-ը երգի վերնագիր է, որի հեղինակը նախկին ջազային երաժիշտ է, իսկ այժմ՝ հոգեւորական: Համանուն երգն այնքան հոգեհարազատ է սիրված երգչուհուն, որում ամփոված է նրա ամենանվիրական զրույցը, մտքերն ու հույզերը, ինչ էլ հանդիսացավ գլխավոր պատճառ այս համերգն անվանելու «Գրիր ինձ»:

Համերգի ծրագրում ներառված են երգեր մայրիկի, հայրենիքի, սիրո մասին, հերոսների հիշատակին: Կհնչեն դաշնակահար եւ կոմպոզիտոր Արմեն Մերաբովի հեղինակային երգերը՝ գրված Մարիամ Մերաբովայի խոսքերի հիման վրա: Հանդիսատեսը կլսի նաեւ գլուխգործոցներ խորհրդային ժամանակաշրջանի ոսկե ֆոնդից՝ Կոնստանտին Օրբելյան, Անդրեյ Էշպայ, Վադիմ Գամալեյ, Առնո Բաբաջանյան, Իգոր Կրուտոյ, Յուրի Բիրյուկով, Մարկ Մինկով, Վլադիմիր Վիսոցկի, Վալերի Զուբկով, Մարկ Ֆրադկին, Ժորժ Կառվարենց, կհնչեն հեղինակային երգեր՝ գրված Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաեւայի խոսքերի հիման վրա:

 



© NEWS.am STYLE