Մահացել է բրիտանական Moody Blues խմբի թմբկահար Գրեմ Էդջը

11:08   12 նոյեմբերի, 2021

Կյանքի 81-րդ տարում մահացել է բրիտանական Moody Blues ռոք խմբի համահիմնադիր եւ թմբկահար Գրեմ Էդջը, հաղորդում է The Sun-ը:

Երաժշտի մահվան պատճառները չեն հայտնում։ Խմբի հիմնադրի մահվան մասին լուրը դեռ չեն մեկնաբանել խմբի մյուս մասնակիցները:

Էդջը Moody Blues-ի միակ մասնակիցն էր, որը խմբի կազմում է մնացել հիմնադրման պահից։

1964 թվականին Էդջը հիմնել է R&B Preachers խումբը, որը հետագայում դարձել է Moody Blues։ Այն հանդիսանում է աշխարհի ամենահին գործող ռոք խմբերից մեկը։

Խմբի ամենահայտնի հիթերից մեկը՝ Your Wildest Dreams, թողարկվել է 1986 թվականին։ Այն իններորդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի վարկանիշային աղյուսակներում։ Ընդհանուր առմամբ խումբը 70 մլն ալբոմ է վաճառել ամբողջ աշխարհում։

Վերջին ալբոմը թողարկվել է 2003 թվականին։ Էդջը դադարեցրել է շրջագայությունը խմբի հետ 2018 թվականին։



© NEWS.am STYLE