Էնն Հեթուեյը նշում է 39-ամյակը. ռոմանտիկ, համարձակ ու հեքիաթային՝ դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

19:35   12 նոյեմբերի, 2021

Հոլիվուդի ամենապահանջված ու բարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը՝ Էնն Հեթուեյը, նշում է ծննդյան 39-ամյակը: Հեթուեյը Հոլիվուդի ամենակերպարային դերասանուհիներից է՝ մի ֆիլմում նա արքայադուստր է, մյուսում՝ ավազակուհի, մեկ ուրիշում՝ ռոմանտիկ աղջնակ, մյուսում՝ ճակատագրական կին: Դերասանուհու տաղանդը բազմիցս գնահատվել է նաեւ հեղինակավոր մրցանակաբաշխությունների կողմից:

Նա արժանացել է ե´ւ «Օսկարի», ե´ւ «Ոսկե Գլոբուսի», ե´ւ «Էմմիի», ե´ւ մի շարք այլ կարեւոր մրցանակների:

NEWS.am STYLE-ն առանձնացրել է դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կհամապատասխանեն տարբեր նախասիրություններ ունեցող մեր ընթերցողների ճաշակին:

«Օուշենի 8 ընկերուհիները»/Ocean’s 8

Դեբբի Օուշենը հայտնի ավազակահուհի է: Երկար ժամանակ անազատության մեջ անցկացնելուց հետո նա դուրս է գալիս բանտից, բայց արդեն ծրագրում է նոր կողոպուտ, որը պետք է տեղի ունենա Met Gala միջոցառման ժամանակ: Մոտ 100 միլիոն դոլար արժողությամբ վզնոցը գողանալու համար նրան անհրաժեշտ է ձեւավորել պրոֆեսիոնալներից բաղկացած խումբ, ինչին էլ Դեբբին անմիջապես ձեռնամուխ է լինում:

«Քաոս»/The Hustle

Ֆիլմը երկու խաբեբաների՝ Փեննիի ու Ջոզեֆինայի արկածների մասին է: Առաջինը մանր գործերով է զբաղվում, երկրորդն՝ անազնիվ ճանապարհով արդեն հասցրել է մի ամբողջ ունեցվածք կուտակել: Այս երկուը մի օր պատահաբար հանդիպում են ու որոշում միասին մի կողոպուտ ձեռնարկել, մինչդեռ իրենք են դառնում սեփական նախաձեռնության զոհերը:

«Մեկ օր»/One Day

Էմման ու Դեքստերը հանդիպում են հուլիսի 15-ին՝ ավարտական երեկոյի ժամանակ, ու միասին անցկացնում մի ամբողջ օր: Սակայն դրանից հետո երիտասարդները որոշում են մնալ, ուղղակի, ընկերներ, բայց պայմանավորվում են ամեն տարի նույն օրը հանդիպել: Քանի՞ նման տարիներ պետք է անցնեն, որ զույգը, վերջապես, հասկանա, որ իրենց մեջ իսկական սեր է ծնվել:

«Ալիսան հրաշքների աշխարհում»/Alice in Wonderland

Սա մեզ հայտնի փոքրիկ Ալիսայի մասին պատմության շարունակությունն է, որտեղ հերոսուհին արդեն մեծ է, եւ պատրաստ է շարունակել հրաշքների աշխարհում իր ուղեւորությունը:

«Գայթակղության ծովը»/Serenity

Բեյքեր Դիլը ձկնորս է, որի կյանքի մեծ մասն անցնում է ծովում: Նրա խաղաղությունն ընդհատվում է, երբ մի օր հայտնվում է նրա նախկին կինը՝ Քարենը, ու խնդրում, որ փրկի իրեն իր ներկայիս ամուսնուց, որը ոտնձգություններ է կատարում իր եւ իրենց որդու նկատմամբ: Քարենը ցանկանում է, որ Բեյքերն իր ամուսնուն ձկնորսության տանի, այնուհետեւ դուրս գցի նավից բաց ծով: Այդպիսով, ֆիլմի հերոսը տառապում է ճիշտ եւ սխալ ընտրության արանքում:

Լուսանկարը՝ WallpaperBetter.com-ից



© NEWS.am STYLE