9-ամյա բաս-կիթառահար Էլեն Ալավերդյանն ու լեգենդար Բութսի Քոլինզը հանդիպել են STEVE on Watch շոուի եթերում

13:03   16 նոյեմբերի, 2021

Լաս Վեգասից 9-ամյա Էլեն Ալավերդյանին ճանաչում են սիրում են. այսքան երիտասարդ տարիքում նա յուրացրել է բաս-կիթառը՝ կատարելով հայտնի ստեղծագործությունների բարդ պարտիաներ: Նա աներեւակայելի տաղանդավոր է եւ ունի հիանալի երաժշտական ճաշակ. հիասքանչ համադրություն է, այնպես չէ՞։

Աղջիկն ունի Instagram-ում հազարավոր բաժանորդներ. նրանց թվում են ոչ միայն լավ երաժշտության սիրահարներ, այլեւ իրական մասնագետներ, որոնք Էլենի հասցեին չեն խնայում արժանի գովասանքի խոսքեր։

Իսկ ընդամենը մի քանի ժամ առաջ Էլենը դարձել է ԱՄՆ-ում հայտնի STEVE on Watch շոուի հյուրը, որը վարում է մեգա-հանրահայտ դերասան եւ կատակերգու Սթիվ Հարվին: Աղջիկը կատարել է Earth Wind and Fire խմբի September ստեղծագործությունը, ինչով պայթեցրել է ստուդիայի դահլիճը։ Նա նաեւ պատմել է, որ այդ խմբի եւ լեգենդար երաժիշտ, «ֆանկ» ուղղության հիմնադիրներից մեկի՝ Բութսի Քոլինզի (Bootsy Collins) հանդեպ սերը նրա մեջ սերմանել է երաժիշտ հայրը՝ Հովակ Ալավերդյանը։

Այդ պահին տեսաուղերձով ստուդիային է միացել հենց ինքը՝ Բութսի Քոլինզը (Bootsy Collins): Նա ողջունել է Էլենին, որը նման անակնկալի հանդեպ հիացմունքը չի թաքցրել։ «Դու կարող ես պատկերացնե՞լ, նա ընդամենը 9 տարեկան է»,- հարցրել է Սթիվ Հարվին իր վաղեմի ընկեր Բութսի Քոլինզին: «Այո, - ասել է նա․- ես ինքս եմ սկսել այս տարիքում»… Սակայն սա դեռ վերջը չէ։ Եթերին միացել են Earth Wind and Fire երաժիշտները եւ Էլենը չի կարողացել զսպել զգացմունքներն ու արտասվել է։ Երաժիշտները բարձր են գնահատել կիթառահարուհուն հիանալի կատարման համար եւ հաջողություն մաղթել բոլոր նախագծերում։



© NEWS.am STYLE