«Վայ, քո՛ւր ջան, մի հատ լավ երգ ունեմ: Էս կասետն ամբողջությամբ ծախում ա». Քրիստինե Պեպելյանի անկեղծ զրույցը NEWS.am STYLE-ի հետ

22:11   22 հոկտեմբերի, 2013

Երգչուհի Քրիստինե Պեպելյանին առաջին անգամ տեսել էի շուրջ 10 տարի առաջ: Այն ժամանակ նա ճանաչված չէր, դասավանդում էր Երգի պետական թատրոնում, իսկ ես այնտեղ էի աշխատում: Եկավ, մտավ մեր սենյակ եւ բոլորին երեք րոպեում լավ տրամադրություն նվիրեց ու հեռացավ: Այդ օրվանից նա ինձ մոտ միշտ արեւի հետ էր ասոցացվում:

Անցան այսքան տարիներ: Կրկին հանդիպեցինք: Քրիստինեի եւ Մարտ Բաբայանի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ էր: Ոչինչ չէր փոխվել. թե՛ համեստությունը, թե՛ ժպիտները, թե՛ մարդկանց լավ տրամադրություն նվիրելու շնորհքը: Այնքան տպավորված էի մեր զրույցից, որ երկար ժամանակ չէի կարողանում այս հարցազրույցը գրել: Եվ ահա, հավաքեցի մտքերս:


Ուզում եմ զրույցը սկսել այսպիսի հարցով… Ե՞րբ արթնացաք եւ զգացիք, որ արդեն ճանաչված եք:

Այդպես միանգամից չեմ զգացել: Երեւի, երբ թողարկվեց «Հրաժեշտ» երգս: Այն հատուկ ինձ համար չէր գրված, պարզապես նվեր էի ստացել իմ շնորհալի ընկերուհուց՝ Մարինե Գյուլումյանից: Այն ժամանակ Երգի պետական թատրոնում էի աշխատում, 20 տարեկան էի: Մի օր մետրոյի Բարեկամություն կայարանի գետնացումում լսեցի, որ ձայնասկավառակների վաճառման կետերից մեկում իմ այդ երգն է հնչում: Ոչ ոք ինձ դեմքով չէր ճանաչում: Մոտեցա վաճառողին, ասաց՝ «Վայ, քո՛ւր ջան, մի հատ լավ երգ ունեմ: Էս կասետն ամբողջությամբ ծախում ա էս երգը: Առ, Էնքան լավ երգ ա»: Հարցրեցի, թե ով է երգում: Ասաց. «Անունը չգիտեմ, բայց մի տեսակ յուրահատուկ ազգանուն ունի: Վերցնո՞ւմ ես»: Ժպտալով ասացի՝ «ոչ». Նա էլ թե ՝ փոշմանելու ես: Եվ ես հեռացա: Այդ, թերեւս, առաջին դեպքն էր, երբ ինձ հայտնի զգացի, երբ երգս այդ գետնանցումով թնդում էր:

Այդ ժամանակից շա՞տ եք փոխվել:

Երեւի ընկերներս կասեն: Ես կարծում եմ՝ շատ չեմ փոխվել:

Որքան գիտեմ, օգնել եք ինչ-որ ընտանիքի: Կպատմե՞ք այդ մասին:

Մի օր մի տեսանյութ տեսա կարիքավոր ընտանիքներից մեկի մասին, որտեղ պատմվում էր 10 տարեկան երեխայի մասին, ում նկարը հաղթել էր ցուցահանդեսում: Ես հանդիպեցի այդ ընտանիքին, ինչի համար անչափ ուրախ եմ: Ընտանիքում 5 երեխա կա, որոնցից ամենափոքրիկը լավագույնը, որ կարող է անել, իր ներկայությամբ մարդկանց ուրախացնելն է: Մնացածը տարբեր տաղանդներ ունեին. մեկը շվի էր նվագում, մյուսը՝ ջութակ, երրորդը երգում էր, իսկ մյուսն էլ՝ նկարում: Եվ որոշեցի, որ պարտադիր պետք է ծանոթանամ նրանց հետ: Առիթ հանդիսացավ նաեւ այն, որ այդ երեխաներից մեկի ջութակը փոխելու ժամանակն էր, իսկ նրանք գումար չունեին: Ես ինքս ջութակի գնացել եմ, եւ գիտեմ, թե որքան անհրաժեշտ է այդ:

Գնեցի նկարչական պարագաներ, այդ ջութակը, գրենական պիտույքներ եւ այցելեցի նրանց: Այն երեխան, ով հաղթել էր նկարչական մրցույթում, ինձ նվիրեց ոսկե ձկնիկի հենց այդ հաղթող նկարը: Եվ ասաց, որ մաղթում է, որ այդ ոսկե ձկնիկն իմ բոլոր երազանքներն իրագործի, իսկ ես հավատում եմ, որ հենց այդպես էլ լինելու է: Ինձ համար դա մեծ նվեր է, ու ես այդ նկարով վերադարձա:

Իրականում, այդ ընտանիքը եւս մեկ ապացույց էր, որ պայմանները կապված չեն մարդկային հարաբերությունների հետ: Պետք է տեսնեիք, թե որքան մաքուր, խնամված եւ լավն էին այդ երեխաները, որքան էր նրանց մայրը ոգեւորված եւ ոչինչ չէր խնայում: Ինձ համար չկա ավելի բարձր գաղափար, քան ծնողի զոհաբերությունը երեխայի համար: Ես հիացած եմ այդ ընտանիքով:

Գուցե նրանց տունը շատ բարեկեցիկ չէր, սակայն դա իսկական «ՏՈւՆ» էր, իրական հայ ընտանիք: Եվ եթե տեսնեիք, թե ինչ անուշահոտ էր նրանց փոքրիկը: Նրանք շատ ոգեւորված էին եւ ինձ սպասում էին: Հայրը մի քանի օր առաջ որսի էր գնացել, իր ձեռքով միսը պատրաստել էր, սպասում էր մեր այցին: Շատ սիրուն, համով սեղան դրեցին: Ինչ ունեին այդ պահին՝ հյուրասիրեցին: Ես էլ սիրով օգտվեցի: Այնքան շատ եմ գնահատում այդ ամենը: Մենք արդեն ընկերներ ենք:

Վերջերս մեր աստղերի մեջ բարեգործական մեծ ալիք է նկատվում: Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ այդ ամենը ցուցադրաբար երեւում է նրանց ֆեյսբուքյան էջերում:

Դե, եթե մարդն այդ անում է իր PR-ի համար, բնականաբար, վատ: Այլ հարց է, եթե անում է, որ իր օրինակով վարակի մյուսներին: Սակայն, կարծում եմ, այդ չի օգնի: Եթե մարդ ուզում է օգնել ուրիշներին, այդ կանի՝ անկախ ամեն ինչից: Այս տարվա ընթացքում ես մի քանի երեխայի կարողացա օգտակար լինել: Իսկ այդ ինձ համար հանգիստ քնելու ամենալավ միջոցն է: Պարտադիր չէ, որ ամբողջ աշխարհն իմանա, թե ում ինչով ես օգնել: Մարդիկ, ում ես հիմա կարողանում եմ օգնել, իմ հանդիսատեսն են, մեր երկրի քաղաքացիներն են, նրանք պարզապես մերն են եւ վերջ: Գուցե նրանք էլ եկել են իմ համերգներին, իմ CD-ներն են գնել, դրանով օգնել են ինձ իմ կայացման ճանապարհին: Այդ ամենը գնահատել է պետք: Երբ ստանում ես հանդիսատեսի սերն եւ գնահատականը, միշտ պետք է բարությամբ պատասխանես: Չի կարելի միշտ վերցնողի դերում լինել:

Կարծում եմ՝ «աստղային բզիկներ» նույնպես չունեք: Իսկ եթե նույն հագուստով ինչ-որ մեկին տեսնում եք, ինչպե՞ս եք արձագանքում: Եղե՞լ են նման դեպքեր:

Ո՛չ, նման ամբիցիա չունեմ: Ես ընդհանրապես հավակնոտ մարդ չեմ: Նման դեպք մեկ անգամ եղավ: Փողոցում մի աղջկա տեսա այն շապիկով, որից ես էլ ունեի: Չնեղվեցի, ի՞նչ կա նեղվելու:

Սիրված ապրանքանիշեր ունե՞ք:

Մեր բախտը մի քիչ ավելի է բերում: Ճամփորդություններ հաճախ են լինում, կարողանում ես արտերկրում գնումներ կատարել: Ես, անկեղծ ասած, ապրանքանիշերին այնքան էլ կարեւորություն չեմ տալիս, որովհետեւ դրանք այնքան էլ մեծ արժեք չեն ներկայացնում ինձ համար: Մեծ կարեւորություն տալ հագուստների անուններին, ապրանքանիշերին… Ինձ համար առնվազն զավեշտալի է: Նպատակ չունեմ ցույց տալ, որ ունեմ այս կամ այն բանը: Ամենաբարձր արժեքի կոշիկը, օրինակ, կարելի է համադրել ամենահարմար, ամենամատչելի վերնաշապիկի հետ եւ շատ գեղեցիկ համադրություն ստանալ: Ես հագուստամոլ չեմ:

«Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչներից մեկն եք եւ միշտ հրաշալի տեսք ունեք: Ո՞վ է հետեւում Ձեր իմիջին:

Շատ շնորհակալ եմ գնահատականի համար: Իհարկե, իմ կողքին կա պրոֆեսիոնալների մի ամբողջ թիմ, որոնք իմ ընկերներն են եւ որոնց հետ արդեն երկար ժամանակ աշխատում եմ: Ագա Քանքանյանի image-studio-ն եւ վարսահարսար Հասմիկ Խառատյանը: Վստահ եմ, նրանք նույնպես շատ երախտապարտ կլինեն նման գնահատականի համար: 

Ի՞նչ եք կարծում, առաջին հերթին ի՞նչ են Ձեզանից սովորելու ձեր թիմի երեխաները:

Ես կփորձեմ նրանց հետ կիսվել իմ բեմական փորձով... Իսկ սովորելու բան միշտ էլ կա: Թե՛ նրանք ինձնից, թե՛ ես՝ նրանցից:

Հաղթակա՞ն եք տրամադրված:

Ես կասեի՝ տոնական (ծիծաղում է): 

Իմ եւ Քրիստինեի զրույցը, իհարկե, այսքանով չեզրափակվեց: Այնքան նոր բան իմացա, այնքան դրական էմոցիաներ ստացա: Հասկացա, որ ճանաչված մարդը կարող է լինել ազնիվ, բարի եւ ամենեւին ոչ ցուցամոլ: Հավատացեք, մեր օրերում այդ ի վերուստ տրված շնորհք է: Առաջին անգամ եմ հարցազրույցում էմոցիաներ ցուցադրում, բայց... Շնորհակալ եմ, Քրիստինե Պեպելյան, այդ մի քանի ժամվա համար, որ ինձ նվիրեցիք: Նույնիսկ այդ փոքր ժամանակահատվածում իմ աշխարհայացքում որոշ բաներ փոխեցիք:

Մարինա Ադուլյան



© NEWS.am STYLE